Լրագրողական 11 կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.
«Աշխատանքային ուղևորությամբ ԱՄՆ-ում գտնվող լրագրող Թաթուլ Հակոբյանը դեկտեմբերի 8-ին ահազանգել է, որ իր հասցեին սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչեր են հնչել: Ըստ նրա՝ այդ արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական որոշ շրջանակներից, իսկ սպառնալիքների առիթը, ըստ լրագրողի, վերջերս հրապարակայնորեն արտահայտած իր հետևյալ միտքն է. «Հայաստանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը»:
Այս փաստի վրա լրագրողը հատկապես հրավիրել է իրավապահ մարմինների, լրագրողական կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ուշադրությունը։ Նա խոստացել է Հայաստան վերադառնալուն պես իր դեմ արշավի վերաբերյալ անուններ և փաստեր ներկայացնել։ Այս պահին լրագրողը գտնվում է ԱՄՆ ոստիկանության ուժերի պաշտպանության ներքո։
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, որ թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հայ հասարակության մեջ չի ձևավորվել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծայրաստիճան սրված անհանդուրժողականությունը այլակարծության նկատմամբ խորանում է։
Անկախ նրանից՝ որևէ մեկին դուր են գալիս Թաթուլ Հակոբյանի մտքերն ու վերլուծությունները, թե ոչ, նա հայ լրագրության լավագույն ներկայացուցիչներից մեկն է, որը խորապես ուսումնասիրել է Արցախյան խնդիրը և խիզախորեն լուսաբանել է այն, այդ թվում՝ ռազմական գործողությունների առաջնագծից։ Որպես լրագրող, վերլուծաբան և քաղաքացի՝ նա իրավունք ունի ազատորեն կարծիք արտահայտել, և դրա համար իր և առհասարակ ցանկացած անձի հասցեին սպառնալիքներ ու կյանքից զրկելու կոչեր ուղղելը քրեորեն պատժելի արարք է։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք Թաթուլ Հակոբյանի նկատմամբ իրականացվող անթույլատրելի արշավը և զորակցություն ենք հայտնում մեր գործընկերոջը։
Տեղի ունեցածի առնչությամբ պահանջում ենք.
• ՀՀ դատախազությունից՝ անհապաղ միջոցառումներ ձեռնարկել այս սպառնալիքների արշավն իրականացնողներին ու նրանց ուղղորդողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, մանավանդ, որ լրագրողը պատրաստ է տալ կոնկրետ անուններ,
• Ոստիկանությունից՝ Հայաստան ժամանելուն պես ապահովել Թաթուլ Հակոբյանի անվտանգությունը։
Կոչ ենք անում լրագրողական հանրությանը՝ համերաշխություն ցուցաբերել և սատարել Թաթուլ Հակոբյանին՝ դիմակայելու իր նկատմամբ ձեռնարկված դատապարտելի գործողություններին»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ