Սոցցանցեր

Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում… Այ քեզ անակնկալ…

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա հանդիպման մեխը Լաչինի միջանցքի փակման սպառնալիքն էր: Ալիևը, հղում անելով կապիտուլյացիոն փաստաթղթի վրա, ասում է, որ եթե Զանգեզուրով միջանցք չստանա ու ստիպված լինի մաքսակետերով անցնել, ապա հայելային միջոցներ կձեռնարկի Լաչինում: Բուն փաստաթղթում իհարկե նման կետ չկա, բայց դա արդեն թղթի կնքահայր՝ Մոսկվայի պրոբլեմն է: Ավելի շուտ ևս մեկ պրոբլեմն է անդադար ավելացող պրոբլեմների շարքում: 

Պրոբլեմները չեն կարող չավելանալ, քանի որ դրանք լուծելու փոխարեն Մոսկվան դատարկ աճպարարությամբ է զբաղված: Բռնել, Մոսկվայում հավաք են կազմակերպել, որի անունը, չգիտես ինչու, դրել են «3+3», թեպետ Վրաստանը հրաժարվել է մասնակցել, իսկ Հայաստանը մասնակցել է զուտ, քանի որ գլխին զենք է դրված: Ամեն ինչ այդքան զավեշտալի չէր լինի, եթե պաշտոնականության պատրանք ստեղծելու համար Վրաստանի դրոշը չդնեին սենյակում, որտեղ վրացի ներկայացուցիչ չկա: Ժամանակին մեր հայրենական դեբիլներն էին իրենց սպիտակ «07»-ի վրա Կադիլակի նշան փակցնում: Հիմա նույն թերարժեքության բարդույթով ու մտավոր հետամնացությամբ է տառապում մի ամբողջ միջուկային գերտերություն: 

Բնական է, որ Փաշինյանը ոչ մի միջանցք չի տալու ու հետևաբար Ալիևը Պուտինին կանգնեցնելու է այն փաստի առաջ, որ Լաչինով երթևեկող բոլոր մեքենաները պետք է ադրբեջանական մաքսակետերով անցնեն: Եթե այս պահի դրությամբ Ադրբեջանը գրեթե ամեն օր գնդակոծում է Արցախի բնակավայրերը, բայց մենք դրա մասին չենք իմանում, քանի որ դա կոծկվում է «ռազմավարական դաշնակցի» իմիջը չփչացնելու համար, ապա մաքսակետերը կոծկել հնարավոր չի լինի: Դա իր հերթին կնշանակի, որ Արցախը փաստացի ռուսական էքսկլավ լինելուց դե ֆակտո կդառնա Ադրբեջանի՝ դեռևս էքսկլավ: Բաքուն կորոշի` ով, ինչ ու ինչքան կներմուծի Արցախ: 

Ամեն ինչ բարդանում է նրանով, որ Ալիևը Փաշինյանի հետ հինգ ժամ զրուցել է Բրյուսելում: Երկու կողմերը ԵՄ-ի հետ պայմանավորվել են դեմարկացիան հեշտացնելու համար ներգրավել եվրոպական փորձագետներին: Սա գուցե պակաս նվաստացուցիչ լիներ ՌԴ-ի համար, եթե համապատասխան փոխվարչապետերի բանակցությունները չտապալվեին Մոսկվայում:

Մյուս կողմից Թուրքիան, շատ արագացված տեմպերով, հարաբերություններ է կարգավորում Հայաստանի հետ: Բլումբերգի համապատասխան հոդվածը և Լիպարիտյանի բենեֆիսը ընդամենը հետին թվով այս ամենը զմրսող դրվագներ են: Շուտով կբարձրանա ռուս սահմանապահների անհրաժեշտության հարցը Հայաստանում: Նույն հարցը կբարձրանա Արցախում` ռուս խաղաղապահների առնչությամբ: 

Առաջ գոնե զինվորներին գերի վերցնելով էին կարողանում Փաշինյանի սանձերը քաշել, հիմա էդ էլ չի ստացվում: Ասում է` կդատեմ գերիներին ու դատում է: Էս «փայլուն» կոմբինացիան էլ տապալվեց:Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում… Այ քեզ անակնկալ…»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version