Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքում գրել է․
Երևանի ավագանու ՔՊ անդամները անվստահության գործընթաց են սկսում քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ։ Հավանաբար եթե ոչ բոլորդ, ապա գոնե շատերդ համաձայն կլինեք, որ Հայկոն բավականին լավ քաղաքապետ է և նրա աշխատանքը տեսանելի է եղել հենց սկզբից, երբ շատ թեժ ու լարված իրավիճակում լուծեց աղբահանության հարցը, իսկ հիմա տրանսպորտն է կարգի բերում և կամաց-կամաց հրաժեշտ ենք տալիս ժանգոտ գազելներին։
Բացի այդ, նրա օրոք 2018 և 2019 թվականներին տեսել ենք քաղաքի տոնական ամենից գեղեցիկ ձևավորումները։
Սակայն ես ևս մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում հրավիրել ձեր ուշադրությունը, ինչին քչերը կանդրադառնան։ Մտնելով քաղաքականություն և դառնալով քաղաքապետ, Հայկ Մարությանը միակն էր ՔՊ-ում, ով նժարի վրա էր դրել իր հեղինակությունը, եթե ձախողեր իր պարտականությունները։ Եթե ՔՊ մնացած անդամները դառնալով պատգամավորներ և զբաղեցնելով շատ այլ պաշտոններ` ոչ մի բանից դարձան բարեկեցիկ կյանքով ապրող պաշտոնյաներ, ապա Հայկոն ուներ 20-22 տարիների ընթացքում որպես դերասան և պրոդյուսեր` ձեռք բերած վաստակ ու սեր ժողովրդի կողմից և վստահություն իր բիզնես գործընկերների կողմից։ Նրա ֆիլմերը Հայաստանում ամենից դրամարկղայիններն էին և կարծում եմ այդպիսի կյանքին հրաժեշտ տալն ու քաղաքականություն մտնելը հեշտ որոշում չի եղել նրա համար։
Ինքս լինելով կինոյի բնագավառի մարդ, հաստատ չեմ ուզենա դադարեցնել իմ մասնագիտական գործունեությունն ու որևիցե պաշտոնի համար մտնել քաղաքականություն։
Այնպես որ, շատ տհաճ է տեսնելը, թե ինչպես են ընկել միակ պաշտոնյայի հետևից, ով լուռ ու մունջ իր գործն է անում։ Սուր բաներ գրելու ցանկություն չունեմ, բոլորդ էլ հասկանում եք ինչ է կատարվում։