Քաղաքականություն

Հայկ Մարությանին չներեցին նրա ազնիվ ու սկզբունքային աշխատանքի ոճը, և այն, որ չի շեղվել իր քաղաքական ծրագրից և 2018-ի հեղափոխության երևի վերջին ներկայացուցիչն է

Մեր զրուցակիցն է նախօրեին Երևանի ավագանու մանդատից հրաժարված Գրիգոր Երիցյանը

Նախօրեին դուք հայտարարեցիք Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին՝ նշելով, որ համաձայն չեք քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության հետ: Արդեն ավագանու «Իմ քայլի» մի քանի անդամներ հայտարարել են, որ չեն միանում այդ նախաձեռնությանը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ անակնկալ զարգացումներ լինեն, ավագանու գերակշիռ մասը հետևից ձեր օրինակին կամ հրաժարվի կողմ քվեարկել քաղաքապետին անվստահություն հայտնելուն:

Չեմ կարծում, որ գերակշիռ մասը հետևից իմ օրինակին, որովհետև այդ գերակշիռ մասն ունի արդեն հստակ քաղաքական դիրքորոշում: Քանի որ ես հասկացա, որ իմ մեկ ձայնը ոչինչ չի փոխելու, բնականաբար, այս գործընթացը մերժելու միակ տարբերակը «Իմ քայլը» խմբակցությունից և ավագանուց դուրս գալն էր: Չեմ կարծում, որ քաղաքական հեռատեսություն ունեն այն գործընկերները, որոնք ուզում են գնալ անվտահություն հայտնելու ճանապարհով: Իրենք չեն հաշվարկել այս քայլի քաղաքական հետևանքները, հանրային արձագանքը: Ես այնուամենայնիվ փորձել եմ խմբակցության ներսում իմ կարծիքը հայտնել, փորձել նաև տեսնել, թե ինչ եզրեր կգտնեմ ավագանու այլ անդամների հետ, բայց ինձ համար հստակ է, որ մեծ մասը արդեն հստակ դիրքորոշում ունի, և որևէ բան փոխել հնարավոր չէ: Իհարկե, կան մի քանի ավագանու անդամներ, որոնք նույնպես մանդատը վայր կդնեն: Գայանե Վարդանյանը նույնպես մանդատը վայր է դրել: Սա մեր անհամաձայնությունն ու անհնազանդությունն է այս որոշմանը, որն իմ կարծիքով իր հիմքում չունի դրած երևանցու շահը, բնակչի շահը:

Արդյոք գործ ունենք մեկ մարդու որոշման հետ:

Մենք գործ ունենք միայն քաղաքական որոշման հետ, որը կապված է քաղաքական պատճառների հետ և ոչ թե քաղաքապետի աշխատանքի արդյունավետության կամ  կառավարման հետ: Դրանք նշված էին «Իմ քայլի» հայտարարության մեջ: Ես մամուլից տեղեկացա այդ հայտարարության մասին, անգամ դա նախապես չի էլ քննարկվել ավագանու մի քանի անդամի հետ: Այնտեղ նշվում էր, որ քաղաքապետը չի կարողացել արմատախիլ անել կոռուպցիան, չի կարողացել սա անել, նա անել, կարծես երկրում ամեն ինչ կարգին էր և քաղաքապետն ամենավատ աշխատող պաշտոնյան է:

Ասում են՝ չի համագործակցել ավագանու անդամների հետ:

Ես նույնպես ավագանու անդամ եմ և ես համագործակցել եմ, իրականացրել եմ ռեֆորմներ, ընդունել եմ օրենքի նախագծեր, արել եմ այն, ինչ ավագանին պետք է անի: Այլ հարց է, որ ավագանու շատ անդամներ դրանով հետաքրքրված չեն եղել: Այսինքն այստեղ երկկողմանի է խնդիրը, այդ համագործակցությունը չի դադարել քաղաքապետի կամքով, 1-2 տարվա ընթացքում է դադարել այդ համագործակցությունը, որովհետև երբ ավագանին ոչինչ չի կարող տալ քաղաքին, բնականաբար, ինչ-որ պահի պետք է դադարի համագործակցությունը:

Ձեր կարծիքով երևանցու համար ինչպիսի՞ քաղաքապետ է Հայկ Մարությանը, որովհետև նշում են, որ կարևորագույն խնդիրներին լուծում տալ նրան չի հաջողվել:

Կարծում եմ՝ կարծիքները տարբեր կարող են լինել, կլինեն մարդիկ, որ կգնահատեն դրական, մարդիկ կլինեն, որ կասեն՝ կարելի էր ավելին անել, մարդիկ կլինեն, որ գոհ չեն լինի: Իհարկե, կարելի էր ավելին անել: Բայց այստեղ խնդիրն այն է, որ Հայկ Մարությանը դառնալու է առաջին քաղաքապետը, որին ավագանին անվստահություն է հայտնում: Դա նշանակում է, որ մենք չենք ունեցել այլ անվստահության արժանի քաղաքապետեր, ինքը եղել է ամենավատ աշխատողը: Իհարկե, այդպես չէ: Ավելին ասեմ, Երևանի  քաղաքապետերից, իմ կարծիքով, նա միակ քաղաքապետն է, որը չի գնացել քաղաքական կոմպրոմիսների, իրականացրել է իր աշխատանքը ազնիվ, մաքուր, չի կատարել այն բոլոր խնդրանքները, որ իրենից ակնկալում էին, որն օրենքից դուրս է, և դրանով դարձել է ոչ ցանկալի քաղաքապետ։: Բայց եթե ես գնահատեմ իր աշխատանքը, ինքն այն քաղաքապետն էր, որը 2018-ին ստանալով աղբի մեջ կորած, ենթակառուցվածքներից զուրկ և աղքատ քաղաք, աղքատ այն առումով, որ քաղաքը չուներ անգամ մեկ աղբատար մեքենա, ոչ մի ձնահավաք, ոչ մի կանաչապատում իրականացնող գործիք, որովհետև ամեն ինչ արվում էր մասնավորի կողմից և փողերի լվացման սխեմաներով, ինքը զրոյից ստեղծեց տրանսպորտային համակարգ՝ իր շարժակազմով, աղբահանության հիմնարկ՝ լիովին նոր տեխնիկայով, կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանման հիմնարկում 4 մլրդ դրամի ներդրում եղավ, 43 մանկապարտեզ վերանորոգվեց, որոնք երբևէ 30 տարում չէին վերանորոգվել, 30 տարվա չփոխված վերելակները փոխարինեց: Սա նշանակում է, որ ցանկացած երևանցու այս փոփոխությունը  հասել է: Այն մարդկանց, որոնք նստում են նոր վերելակ, նոր տրանսպորտ, որոնք ավելի մաքուր օդ են շնչում: Երևի 10 տարում այդքան այգի ու պուրակ չի բացվել, ինչքան  վերջին 2 տարում:

Ի՞նչն էր իրական պատճառը, որ քաղաքապետը դարձավ այսքան անվստահելի ու անցանկալի Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար, կուսակցությունը լքե՞լը, թե՞ Քոչարյանի հետ ենթադրյալ կապը, ինչպես նշվում է:

Ամբողջությամբ կարդացեք lragir.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version