Այսօրվանից Հայաստանում խմելու ջուրը թանկացավ։ Հունվարի 1-ից ջրի մեկ խորանարդի դիմաց 180 դրամի փոխարեն սպառողները կվճարեն 20 դրամով ավելի՝ 200 դրամ։ Սակագինը, սակայն, նույնը կմնա սոցիալապես անապահով ընտանիքների համար։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել էր նախորդ տարեվերջին՝ նոյեմբերին։
Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով Կառավարությունը նոյեմբերի 18-ին որոշում է ընդունել։ Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021-ի նոյեմբերի 10-ին ստորագրվել է համաձայնագիր, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։
Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոստացել՝ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։