Հասարակություն

Ինչ է պատմել իրավապահներին զինծառայողի մահվան գործով ձերբակալված ծառայակիցը. հնչել են հայհոյանք ու կրակոց armlur

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 31-ին ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Մովսես Թադեւոսյանի մահվան հանգամանքներից: Ձերբակալված ծառայակիցը իրավապահներին սկզբում պատմել է, թե Մովսեսն իր զենքի հետ գործ է արել, որից հետո գլխի շրջանում ստացել է կրակոց: Սակայն ավելի ուշ իրավապահներին ներկայացրել է իրականությունը՝ պատմելով, թե ինքը եւ Մովսեսը զրուցել են, որից հետո զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել է հայհոյանք, ու ինքը կրակել է, որի հետեւանքով Մովսես Թադեւոսյանը մահացել է:

Հիշեցնենք,որ ՊՆ-ն հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։

Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ամենաընթերցվածները

Exit mobile version