Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․
«Նախագահը մի հատ գեշ խասյաթ ունի, վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս». մի անգամ նման ձևակերպում արեց պատուհասը, երբ դեռ փորձում էր ճիշտ արժեքներ քարոզել։ Ու այդ խոսքը դարձավ թևավոր խոսք։ Բայց ոչ ճշմարտություն։ Ինչպես յուրաքանչյուր մարդ ու յուրաքանչյուր քաղաքական գործիչ, Նախագահն էլ ինչ-որ դրվագներում սխալ է դուրս եկել։ Օրինակ վերջին դրվագում, երբ հավատում էր, որ ողջախոհությունը կհաղթի։
«Նախագահը մի հատ գեշ խասյաթ ունի, վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս». մի անգամ նման ձևակերպում արեց պատուհասը, երբ դեռ փորձում էր ճիշտ արժեքներ քարոզել։ Ու այդ խոսքը դարձավ թևավոր խոսք։ Բայց ոչ ճշմարտություն։ Ինչպես յուրաքանչյուր մարդ ու յուրաքանչյուր քաղաքական գործիչ, Նախագահն էլ ինչ-որ դրվագներում սխալ է դուրս եկել։ Օրինակ վերջին դրվագում, երբ հավատում էր, որ ողջախոհությունը կհաղթի։
Հենց սա է, որ մեր քաղաքական դաշտում Նախագահ Տեր-Պետրոսյանին դարձրել է եզակի՝ ոչ թե գերբնական «միշտ ճիշտ դուրս գալը»։ Որովհետև երկրի փաստացի առաջնորդներից, քաղաքական վերնախավում գտնվողներից այն բացառիկն է, որը գործել է ոչ թե հուզականության դաշտում, ոչ թե ժամանակ ձգելու դաշտում, ոչ թե «փորձենք, տեսնենք ինչ կստացվի» արկածախնդրության դաշտում, ոչ թե չհիմնավորված առավելապաշտության դաշտում, այլ միայն ու միայն իրական հաշվարկի, ռացիոնալ մտածողության, խնդրի բոլոր ներքին ու արտաքին հանգամանքները (կլինեն վտանգ, թե օգուտ) հաշվի առնելու համատեքստում։ Ոչ թե խաբել է, այլ պարզ ներկայացրել իրական իրողությունները ու առաջարկել լուծումներ, որոնք այդ իրողության պարագայում հնարավոր են։ Երբեմն հասկացվել է, երբեմն ոչ։ Երբեմն հասկացվել է, բայց հասկացողներին ձեռնտու է եղել իրենք իրենց չհասկացող ձևացնել, կեղծ ընդդիմանալ, հայրենասերի կեղծ դիմակ հագնել, որովհետև ունեցել են ուրիշ լուծելիք խնդիր, որը հայրենիքի հզորացումն ու բնակչության արժանապատիվ գոյության ապահովումը չի։
Սա է, հակիրճ, Նախագահի ու մյուսների տարբերությունը։ Մի մասը սա արդեն հասկացել են, մի մասը՝ դեռ ոչ։ Մի մասը սա հասկացել են կամ ի սկզբանե գիտեն, բայց ձևացնում են, թե հակառակ կարծիքի են ու փորձում են սևացնել Նախագահին՝ արդեն 2 տասնամյակից ավել է, ինչ չարախոսություն, սուտ, հերյուրանք տարածելով Նախագահի մասին։ Որովհետև միայն այն դեպքում, երբ ոմանք կհավատան այդ կեղծիքին, իրենք այդ ոմանց աչքին չեն ներկայանա իրենց իրական, դատարկ, կործանարար կերպարով։
Բայց ճշմարտությունը մի հատ գեշ խասյաթ ունի. մի օր անպայման տեսանելի է լինելու։ Նախագահը պատմության մեջ մնալու է որպես եզակի քաղաքական գործիչ, ով երազանքով, բայց բացառիկ իրատեսությամբ, կառավարեց պետությունը դժվարագույն շրջանում, ու իր գլխավորությամբ կայացան կամ ստեղծվեցին (թերություններով հանդերձ) բոլոր պետական կառույցները՝ բանակը, իրավապահ ուժերը, մաքսային ծառայությունը, նախարարությունները, մնացած բոլոր ենթակառուցվածքները։ Ում կառավարման տարիներին դժվարությամբ, բայց հաջողությամբ վերացվեց էներգետիկ ճգնաժամը։ Ում ճկուն ղեկավարման արդյունքում, ամբողջական շրջափակման մեջ լինելով կարողացանք խուսափել սովից, որ ճիշտ է դժվար էր, բայց երկիրն անդունդը չգլորվեց։ Այս շարքը երկար է։ Եզրափակենք հզորագույն ձեռքբերմամբ. հաղթեցի՛նք պատերազմը։ Ազատագրեցի՛նք Արցախն ու հի՛մք դրեցինք փոխզիջմամբ Արցախի հետագա հայապահպանման համար։
Նախագահը մնալու է պատմության մեջ, իսկ մե՞նք։ Որ հաջողությամբ մսխեցինք այդ ամենը ու հիմա՝ Արցախի գրեթե կորստից հետո կանգնած ենք ինքնիշխանության կորստի լրջագույն վտանգի առաջ, որովհետև մերժեցինք իրատեսությունն ու ընտրեցինք ցնորական երազանքը։
Այսօր Նախագահը դարձավ 77 տարեկան։ Ու այդ 77 տարիների հեռվից մեզ կարող է նայել պարզ ճակատով։ Իսկ մենք մեր սերունդներին կկարողանա՞նք նայել պարզ ճակատով։ Այ սա է հարցը։
Պետք է կարողանանք։
Նորից շնորհավո՛ր, պարոն Նախագահ։
Լուսանկարը՝ Ռուբեն Բանուչյանի