«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդները փետրվարի 2-ին ի վերջո հանդիպեցին:
Այդ հանդիպումը կայացավ ուշ երեկոյան՝ տևելով 2-3 ժամ: «Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից և քննարկված հարցերից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղթելյանը և Գագիկ Ծառուկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման հիմնական թեման կրկին եղել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, և այդ առումով գլոբալ փոփոխություններ չեն եղել, քանի որ դրանից հետո էլ ուժերն իրենց կարծիքին են մնացել: Բանն այն է, որ, օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ ասել է, թե, ամեն դեպքում, միայնակ է գնալու արտահերթ ընտրությունների, Արթուր Վանեցյանը կողմ է մի քանի կուսակցություններով մասնակցելուն, իսկ, ահա, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ առհասարակ դեմ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը:
Դաշնակցությունն ու Ռոբերտ Քոչարյանն էլ միասնական պայքարի կողմնակից են: Նկատենք, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաև այն մասին, որ պետք է առաջիկայում ակտիվացնել փողոցային պայքարը, հանրահավաքները և ավելի ակտիվանալ: Միևնույն ժամանակ շատ մանրամասներ հանդիպման ժամանակ չեն քննարկվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկներ Մոսկվա, և այնտեղ ևս հանդիպումներ պետք է անցկացվեին:
Միևնույն ժամանակ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ընդդիմության միասնական թեկնածուն, և նրան չեն ցանկանում նեղացնել: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը դեռ կոնսենսուսի չեն հասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: