Քաղաքականություն

Շտապ հանրահավաք. Արա Զոհրաբյան

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնություն, անդամ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի պահանջը, սույնով տեղեկացնում ենք ձեզ, որ 2022թ. հունվարի 17-ին, ժամը 16:00-ին տեղի է ունենալու խաղաղ շտապ հավաք՝ ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ (Գարեգին Նժդեհի արձանի մոտ)՝ «Պարտադիր պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումները հաղթահարելու» թեմայով:

Հանրահավաքի ժամանակ ելույթներ կունենան փաստաբաններ, բժիշկներ և տարբեր ոլորտների մասնագետներ:

Հրավիրում ենք մասնակցելու ռեստորանների, հյուրանոցների, մարզասրահների, թանգարանների, թատրոնների, գրադարանների աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ քաղաքացիներին:

Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ: Պատվաստվելու հարցը պետք է որոշի քաղաքացին սեփական ազատ կամքով:

Մենք դեմ ենք քաղաքացիներին պատվաստվածների և չպատվաստվածների խմբերի բաժանելու քաղաքականությանը»:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից կորոնավիրուսով պայմանավորված, գործելու են մի շարք նոր սահմանափակումներ։

Մասնավորապես․ հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են.

⇒ կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,

 կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից,

 կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Ամենաընթերցվածները

Exit mobile version