Քաղաքականություն

1997-ին մեր քաղաքական տհաճությամբ վիժեցրեցինք արժանապատիվ խաղաղության օրակարգը

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է

“Խաղաղության մուրացկան”` “ոչմիթիզականության” փլատակների վրա

Ամեն անգամ, երբ սահմանին զոհեր ենք ունենում, ավելի շատ եմ համոզվում` հայ- ադրբեջանական հակամարտությունը, ԼՂ խնդիրը կարգավորել է պետք։

1997-ին մեր քաղաքական տհաճությամբ վիժեցրեցինք արժանապատիվ խաղաղության օրակարգը։ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ կամ չուզեց դիմադրել “հայկական թերմիդորի” ներկայացուցիչներին, որոնք փոխլրացնելով միմյանց, քսան տարի դիվանագիտությունը փոխակերպեցին գավառական շուստրիության` կորցնելով ամենակարևոր ռեսուրսը` ժամանակը, որը Հայաստանը զարգացնելու փոխարեն` աշխատեց մեր դեմ։

Հետո եկավ “մաուզերիստ” Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանը, որը ԼՂ խնդրում իրականում գործում էր Քոչարյան- Սարգսյան զույգի “գծի” մեջ։

“Արցախը Հայաստան է և վերջ”, Սևրի մեռելածին դաշնագրի ֆետիշացում, տավուշյան ավանտյուրա` Տիգրան Մեծի դափնիներին արժանանալու հիվանդագին մոլուցքով ու հետևանքը` աղետաբեր պատերազմ, որը կոտրեց մեր պետականության ողնաշարը` նրա լուզեր նավապետին դարձնելով նույնքան անդեմ ու անբովանդակ պացիֆիստ։

1997-ի արժանապատիվ օրակարգին վերադառնալ չենք կարող, բայց եթե այսօր բաց թողենք հակամարտությունը կարգավորելու պատեհությունը, տարիներ հետո ունենալու ենք ավելի անմխիթար վիճակ։

Այսօր Հայաստանը դեռ կարող է սուբեկտություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում, վաղը մեր կարծիքն անգամ չեն հարցնելու։

Հ.գ- ես ու Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքական կենսագրության կարևոր մի շրջան, հանգրվան անցկացրել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, Առաջին նախագահի հետ ունեցել ենք կարևոր առանձնազրույցներ, քննարկումներ։ Զարմանում եմ` ինչպե՞ս կարող էր պրագմատիկ, հավասարակշիռ, ռազմավարական խնդիրը տակտիկականից սահմանազատելու բացառիկ տաղանդ ունեցող Տեր- Պետրոսյանի հետ շփված Փաշինյանն այսքան անտաղանդ յուրացնել դասերը` “ոչմիթիզականության” փլատակների վրա դառնալով խաղաղության մուրացկան։

Ամենաընթերցվածները

Exit mobile version