Հասարակություն

Լեռնակերտում ամանորին հրավառություններ չեղան. Պապը դեռ չի վերադարձել․․․

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում Ամանորի գիշերը, դրան նախորդած ու հաջորդած ժամերին հրավառություններ չեղան։ Ղարաբաղյան երրորդ պատերազմից դեռ չի վերադարձել համագյուղացի 21-ամյա Պապ Այվազյանը։

Նրա հարազատները դեկտեմբերի 31-ի կեսգիշերին մի քանի օդապարիկներ են բաց թողել երկինք։

2019-ին զորակոչված Պապը պետք է տուն վերադառնար 2021 թվականի  դեկտեմբերի 19-ին։ Մի գառ էին պահել, որ Պապի վերադարձի առիթով մատաղ անեին։ Գառը դեռ ողջ է… Պապի հայրը՝ Գարիկ Այվազյանն անհետ կորած որդուն ողջ գտնելու հույսը կորցրել է։ Սեփական հետաքննությամբ պարզել է, հատուկ ջոկատային որդին Թալիշ-Մատաղիս հատվածում գլխի շրջանում վիրավորում է ստացել պատերազմի հենց առաջին օրը։ Մարտական ընկերները վիրավոր Պապին իջեցրել են ներքև, թե ինչ է եղել հետո,  ոչ ոք չգիտի։

Ավտովթարի հետևանքով արդեն 20 տարի անվասայլակին գամված հայրն Արցախ է գնացել, որդու կռված տեղերում եղել։ Գտել է մի գանգոսկր ու մի կտոր ոսկոր, որոնք վնասել էին գազանները։ ԴՆԹ նույնականացման արդյունքում պարզել են՝ ոսկորները Պապինը չեն։

«Բա էլ ո՞վ գնար… Ավտովթարի ենթարկվեցի, դրանից երկու օր անց ծնվեց Պապը։ Ինձ երբեք կանգնած չի տեսել…»,-ասում է հայրը։

Պապը ծնվել է 2001 թ. օգոստոսի 20-ին։ 2019-ի դեկտեմբերին բանակ է զորակոչվել, վեց ամիս ծառայել է Էջմիածնում, ապա տեղափոխվել Արցախի Հանրապետության Ջրականի շրջան, որն այժմ օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից։ Այստեղ մոտ երկու ամիս ծառայելուց հետո Պապը տեղափոխվում է Դրմբոն։ Երկու շաբաթ անց պատերազմը սկսում է։

Հայրը վերջին անգամ միակ զավակի հետ խոսել է սեպտեմբերի 26-ին։ Հաջորդ օրը Պապը խոսել է հորեղբոր և հորաքրոջ որդիների հետ, տեղեկացրել է, որ ինքը  Թալիշ-Մատաղիս հատվածում է։

«Հենց այդ երեկոյան էլ խփվել է։ Գլխից վիրավոր է եղել։ Ես զենքերից լավ եմ հասկանում, PK տեսակի զենքով է խփվել  գլխի շրջանում։ Երկու զինվոր անգիտակից վիճակում իջեցրել են… Ձնից հետո երևի էլ որոնողական աշխատանքներ չեն էլ լինի։ Նորմալ կառավարություն, պաշտպանության նախարարություն չունենք, որ ասեն Ադրբեջանին՝ լավ, հուղարկավորե՞լ եք, ի՞նչ եք արել, հանեք, տվեք մասունքները, ոնց որ այն տասնմեկ տղաներինը։ Մենակ իմ տղան չէ է, հատուկջոկատայինների հրամանատարը չկա, Իրինան չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է հայրը։

Խոսքը Իրինա Մուսայելյանի մասին է, որի անունը ԱՀ ՊՆ-ի կողմից սեպտեմբերի 29-ին հրապարակված զոհվածների ցուցակում էր։ 

Արդեն մեկ տարի ու չորս ամիս որդու ողջ կամ մահացած, որտեղ լինելու մասին հայրը ոչինչ չգիտի։ Ոչինչ չի բացառում, երբեմն մտածում է՝ գուցե գերեվարված է։ Դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։

«Ոչ մի բան էլ չեմ բացառում, ամեն ինչ սպասելի է…»,-հոգոց է հանում Գարիկ Այվազյանը։

«Եթե մեր պետությունը մի քիչ ծնողի կողմը բռներ, հիմա երևի ոչ մի անհետ կորած չէր լինի։ Ամենաշահագրգիռ մարմինները, որ պետք է պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն լինեին, ոչինչ չեն ձեռնարկում։ ՊՆ-ից եկել են մեր տուն, ասում են՝ ինչո՞վ օգնենք։ Ասում եմ՝ Ձեր հատուկ ջոկատայինների հրամանատարի դին չեք կարողանում գտնել։ Վեց ամիս խնդրում եմ՝ քննիչ ուղարկեք Դրմբոն։ Ասում եմ՝ էս մարդկանց գնացեք հարցաքննեք, հարցրեք, ո՞վ թողեց վիրավոր որդուս այնտեղ»,-ասում  է Գարիկ Այվազյանը։

Հայրը չգիտի էլ ումի՞ց ինչ պահանջի, ի՞նչ ակնկալի։

«Մի անգամ եմ եղել Նիկոլի մոտ։ 17 տարեկան պիժոն։ Լինում են խելացի 17 տարեկաններ, բայց պիժոնի վերաբերմունք ուներ, պահվածք։ Բարկացել եմ, խփել պատերին, դուրս եմ եկել։ Քառասուն ծնող նստած է, հարց են տալիս, մեկ նայում է Ավինյանին, մեկ Թորոսյանին, ասում է՝ լո՞ւրջ, նման բան կա։ Ոչ մի բանից տեղյակ չէր։ Իրենց ՊՆ-ում էլ չգիտեմ քանի հազար մարդ է աշխատում, բայց վաթսուն հոգու գործ չեն անում։ Ոչ մի ակնկալիք չունեմ իրենցից»,-նշում է հայրը։

Իրեն տանջող հարցերին պատասխան չի գտնում. ինչո՞ւ թշնամուն հանձնեց Քարվաճառը, քանի դեռ չէին վերադարձրել բոլոր տղաների մասունքները։

«Պետք է ասեր, վերջին մարմինը տուր, ես էլ քո զինվորինը կտամ, գերիները վերադարձներ, նոր երկու շրջանը հանձներ»,-մտածում է  հավերժ զինծառայող Պապի հայրը։

Նա հիշում է՝ որդին դեռ 2020 թ. ամռան ամիսներին իր հետ զրույցներում անընդհատ ասում էր, որ պատերազմ է սկսելու։

Ամբողջությամբ կարդացեք panorama.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version