Առողջություն

Աշխարհում առաջին անգամ մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել

Ամերիկացի վիրաբույժներն իրականացրել են աշխարհում առաջին փորձարարական վիրահատությունը, որի ընթացքում հիվանդին փոխպատվաստել են գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ։ BBC-ի փոխանցմամբ, բժիշկներն ասում են, որ սա պացիենտի՝ Դեյվիդ Բենեթի գոյատևման միակ հնարավորությունն էր: Առանց փոխպատվաստման, նա կկանգներ մահվան առաջ:

Ըստ վիրաբույժների՝ յոթ ժամ տևած վիրահատությունը Բենեթի սրտի վրա կատարվել է երեք օր առաջ, իսկ այժմ նրա վիճակը շարունակում է մնալ բավական լավ:

«Ինձ համար ընտրությունը մահվան և այս փոխպատվաստման միջև էր,- ասել է 57-ամյա Բենեթը վիրահատության նախօրեին:- Ես հասկանում եմ, որ իմ հետագա ճակատագիրը բոլորովին անհայտ է, բայց ինձ համար սա վերջին հնարավորությունն է»:

Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները վիրահատության համար հատուկ թույլտվություն են ստացել իշխանություններից՝ բացատրելով, որ առանց դրա հիվանդը կմահանար։ Արդյո՞ք փոխպատվաստումը հաջող կլինի, դեռևս լիովին պարզ չէ:

Վիրաբույժների համար վիրահատությունը տարիների հետազոտությունների արդյունք է։ Նրանք հույս ունեն, որ իրենց հաջողությունը կօգնի փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր ամբողջ աշխարհում: Հայտարարության մեջ Մերիլենդի համալսարանը մեջբերում է վիրաբույժ Բարթլի Գրիֆիթի խոսքերը, որ վիրահատությունը նպատակ ունի «ավելի վերացնել օրգանների պակասի ճգնաժամը»:

Ըստ OrganDonor.gov կայքի՝ միայն ԱՄՆ-ում օրգանների դոնորի փոխպատվաստման է սպասում մոտ 100 հազար մարդ, որոնց պակասի պատճառով օրական մահանում է 17 հիվանդ։ 

Գիտնականները երկար ժամանակ քննարկում էին մարդուն կենդանիների օրգանների փոխպատվաստման հնարավորությունը, այսինքն՝ քսենոտրանսպլանտացիան։ Սրտի վիրաբուժության մեջ խոզի սրտի որոշ հատվածների, մասնավորապես՝ սրտի փականների փոխպատվաստումն արդեն լայնորեն կիրառվում է մարդկանց վրա։

2021 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի վիրաբույժները հայտարարեցին, որ իրենք կատարել են մարդուն խոզի երիկամի հաջող փոխպատվաստում, որն այդ ժամանակ պատմության մեջ ամենաբարդ վիրահատությունն էր որակվել: Սակայն երիկամի փոխպատվաստում ստացած հիվանդը ուղեղի կանգ է ունեցել և ապաքինվելու հույս չուներ։ 

Այնուամենայնիվ, Բենեթը հույս ունի, որ այժմ կկարողանա շարունակել իր բնականոն կյանքը։ Վիրահատությունից առաջ նա վեց շաբաթ գամված էր հիվանդանոցային մահճակալին սրտի մահացու հիվանդության պատճառով։ Նրա ողջ մնալն ապահովվել է միայն բժշկական սարքավորումների շնորհիվ։ «Ես իսկապես ուզում եմ վեր կենալ անկողնուց, երբ ուշքի գամ»,- ասել է  նա: 

Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները վիրահատությունից հետո, դեռ հայտնի չէ։

Agence France-Presse-ը հայտնում է, որ կենդանին, որի սիրտն օգտագործվել է փոխպատվաստման համար, գենետիկորեն ձևափոխված էր. գիտնականները ստիպված են եղել ազատվել գենից, որը կարող է փոխպատվաստված օրգանի մերժման պատճառ դառնալ։ 

Բենեթի որդին Associated Press-ին ասել է, որ ընտանիքն այժմ «խավարի ու անորոշության մեջ է»:

«Բայց նա հասկանում է, թե որքան մեծ է արվածի նշանակությունը, գիտակցում է, թե դա ինչ մեծ ձեռքբերում է»,- ասել է նա հոր մասին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version