«Մեծ հաշվով, Վարդենիսում տեղի ունեցածը ես համարում եմ ռազմական գործողություն, քանի որ Պաշտպանության նախարարությունը ևս հայտարարություն տարածեց, որ օգտագործվել է ինչպես փոքր տրամաչափի զենք-զինամթերք, այնպես էլ խոշոր տրամաչափի, այդ թվում նաև հրետանի, ԱԹՍ, այսինքն, տեղի է ունեցել ռազմական բախում», – այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ էին պայմանավորված երեկ տեղի ունեցած գործողությունները՝ Հովհաննիսյանը նշեց. «Կարծում եմ, որ սա իրականում խոսում է նրա մասին, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում փակուղու մեջ է և սրանով Ադրբեջանը փորձում է Թուրքիային ցույց տալ, որ Հայաստանի հետ հարցը լուծված չէ և որ Թուրքիան առանց Ադրբեջանի, չի կարող Հայաստանի հետ որևէ հարաբերության մասին խոսել կամ պայմանավորվել։ Կարծում եմ, սա է հիմնական պատճառը, ինչու չէ՝ նաև ցույց տալ, որ հնարավոր է այն աքիլլեսյան գարշապարը, որ մենք համարում ենք Քարվաճառը ադրբեջանցիների համար, պաշտպանված է, փորձ է արվում նաև բարոյալքել հայկական բանակը։ Դա է իրենց ամբողջ նպատակը»։
Փորձագետի խոսքով՝ երեկ տեղի ունեցած գործողությունները չպետք է որակել որպես սադրանք, քանի որ դրանք չեն տեղավորվում սադրանքի տրամաբանության մեջ։
Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Վարդենիսի դեպքերը ոչ առաջինն են, ոչ էլ վերջինն են լինելու։
Արմինե Նավոյան
Mediahub.am