«Մեր քաղաքականության հիմնական զենքը պետք է դառնա մանեւրելու կարողությունը, ճկուն դիվանագիտությունը: Մենք պետք է ուշի‑ուշով հետեւենք մեր քաղաքական գործընկերների ու հակառակորդների հարաբերություններին եւ նուրբ մանեւրներով հմտորեն օգտվենք նրանց միջեւ գոյություն ունեցող անգամ չնչին հակասություններից: Դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ հրաժարվել ցուցադրական, անլուրջ քաղաքական գործողություններից, որոնք մի կողմից ավելորդ կերպով գրգռում են մեր քաղաքական գործընկերներին ու հակառակորդներին, իսկ մյուս կողմից՝ չհանգեցնելով որեւէ օգտակար արդյունքի, խոր հիասթափություն են առաջացնում զանգվածների մեջ:
Քաղաքականությունը համակարգ է, ոչ թե պատահական գործողությունների պարզ գումար, ուստի ինքնուրույն քաղաքականություն վարող ոչ մի ընտրյալ իշխանություն իրավունք չունի տուրք տալ կողմնակի ճնշումներին եւ շեղվել իր որդեգրած հիմնական դիրքորոշումից: Քաղաքականության որեւէ համակարգի կարելի է հակադրել միայն մի այլ համակարգ եւ ոչ թե նրա ոգուն հակասող առանձին գործողությունների պահանջներ: Դա չի նշանակում, անշուշտ, որ քաղաքական համակարգը դոգմա է եւ ենթակա չէ սրբագրումների՝ պահի հրամայականին համապատասխան:»
Լևոն Տեր-Պետրոսյան
22.10.1990թ.