Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. ի՞նչ է սպասվում գազի սակագներին – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. ի՞նչ է սպասվում գազի սակագներին

Երկար ժամանակ կառավարությունը հասարակությունից թաքուն էր պահում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը։ Մինչև վերջերս նույնիսկ հավաստիացնում էին, որ առաջիկա 10 տարիներին գազի ներմուծման գինը չի փոխվի՝ կմնա այնքան, որքան կա։ Այդ նույն ժամանակ, սակայն, հանրությունից գաղտնի կնքել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ներքին սակագները վերանայելու հայտով։ Որպես հիմնավորում՝ ներկայացվել է 2 ամիս առաջ կնքված գազային նոր համաձայնագիրը։ Համաձայն այդ համաձայնագրի, «2022թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում»։

Ներկայացված հայտով «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է ներքին սակագների կտրուկ բարձրացում սպառողների որոշ, այդ թվում՝ սոցիալական խոցելի խմբերի համար։ Եթե հիմա նրանք մինչև 600 խորանարդ մետր գազի սպառման դիմաց վճարում են 100 դրամ, առաջարկվում է ապրիլի 1-ից դարձնել 135,6 դրամ՝ 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում։

600 խորանարդ մետրից ավելի վառելու դեպքում սակագնի մի փոքր նվազում են նախատեսում՝ 139-ի փոխարեն՝ 135,6 դրամ։

Այսինքն՝ սոցիալական խոցելի խմբերի համար առաջարկում են հանել արտոնյալ սակագինը։ Նրանք նույն գինը կվճարեն ինչպես մինչև 600 խորանարդի, այնպես էլ դրանից ավել օգտագործելու դեպքում։

Նույն սակագինն է առաջարկվում նաև այն սպառողների համար, ովքեր սպառում են ամսական մինչև 10.000 խորանարդ մետր գազ։ Այս խմբի մեջ է մտնում նաև սոցիալական անապահովությունից դուրս բնակչությունը։

Եթե հիմա նրանք վճարում են 139 դրամ՝ առաջարկվում է դարձնել 135,6 դրամ։ Այսինքն՝ նվազեցնել 3,4 դրամով։

Փոխարենը՝ կտրուկ բարձրանում է տնտեսական հատվածի սակագինը։ Բարձրացումը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը։ Խոսքը ջերմոցային տնտեսության ու վերամշակող արտադրության մասին է։

Հաշվի առնելով այս ոլորտների տնտեսական ու հասարակական նշանակությունը՝ ժամանակին դրանց համար արտոնյալ սակագներ էին սահմանվել։ Ներքին սակագների նախորդ վերանայման ժամանակ այդ արտոնությունն էապես նվազեցվեց, այս անգամ առաջարկվում է ընդհանրապես հանել։

Հիմա ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպիսին է՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայացված հայտով առաջարկվում է 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար։ Այսինքն՝ բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։

Թե սա ի՞նչ ազդեցություն կունենա ջերմոցային տնտեսության ու վերամշակող արդյունաբերության վրա, նախկինում արդեն տեսել ենք։ Գյուղմթերքների շուկայում գների այն բարձրացումները, որոնք կան, նաև դրա հետևանք են։

Գազի թանկացման ազդեցությունը տնտեսության ու սպառողական ապրանքների վրա, սակայն, չի սահմանափակվի միայն նշված ոլորտներով։

Սակագների բարձրացում է նախատեսվում նաև տնտեսության մյուս ոլորտներում։

10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողների համար առաջարկվում է սակագինը դարձնել 282,6 դոլար։ Հիմա նրանք վճարում են 255,9 դոլար։ Տարբերությունը 26,7 դոլար է, կամ աճը ավելի քան 10 տոկոս։

Սակագների բարձրացում է նախատեսվում նաև շարժիչային գազի դեպքում։ Կրկին 26,7 դոլարի չափով։

Այն, ինչ առաջարկել է գազամակատարար ընկերությունը սակագների վերանայման հետ կապված՝ լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում ինչպես սոցիալական խոցելի խմբերի համար, այնպես էլ՝ տնտեսության վրա։

Որքան էլ բնակչության մյուս խավերի դեպքում սակագնի բարձրացում չի սպասվում, մի բան էլ նվազում է, դա միանգամայն խաբուսիկ է։

Տնտեսության վրա սակագնային բեռի ավելացումը դուրս է գալիս առաջին հերթին բնակչության ջանից։

Գազի թանկացումը հանգեցնելու է արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը գների աճի տեսքով տեղափոխվելու է սպառողական շուկաներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ դեր ունի տնտեսության վրա գազի սակագինը, սա բերելու է ապրանքների ու ծառայությունների բավական ընդգրկուն ու էական թանկացումների։ Փաստացի բնակչության մեծ մասի համար սակագինը նվազում է, բայց իրականում սակագնային ճնշումն ավելանում է՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով։

Սա այս իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունն է, որով փորձում են քողարկել բնակչության վրա հանրային ծառայությունների սակագների բարձրացման ազդեցությունը։ Այդպես վարվեցին նաև 2019թ.։ Հասարակության դժգոհություններից խուսափելու համար ցույց են տալիս, որ բնակչության համար սակագինը չեն բարձրացնում, բայց իրականում տուժողը կրկին լինելու է հասարակությունը։ Թանկացած ապրանքների համար վճարում է սպառողը։

Տուժելու է նաև տնտեսությունը։ Նվազելու է մի կողմից՝ տնտեսության շահութաբերությունը, մյուս կողմից՝ մրցունակությունը։ Մեր տնտեսությունն առանց դրա էլ մրցակցային լուրջ խնդիրներ ունի։ Արտադրության ինքնարժեքի բարձրացման հետևանքով սպասվող գների աճը հանգեցնելու է մրցունակության կորստի, ինչն ազդելու է նաև արտադրության ծավալների ու տնտեսության զարգացումների վրա։ Հատկապես որ, հանրային ծառայությունների սակագների բարձրացումը չի սահմանափակվում միայն գազով։ Հունվարի 1-ից թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից կթանկանա հոսանքը։

Սպասվում է, որ ապրիլի 1-ից էլ ուժի մեջ կմտնեն գազի նոր սակագները։

Առաջիկայում, իհարկե, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կդիտարկի այս հայտը և գուցե որոշ վերանայումներ կատարի, բայց միևնույն է, միջին կշռութային սակագնի բարձրացումից խուսափել անհնարին կլինի։ Ինչ-որ մեկը պետք է վճարի սահմանին գազի թանկացման գինը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Past.am

Տնտեսություն

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Mobile հավելվածի թարմացումը (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Ցրտահարության վտանգից առաջ աթար էլ չեն տվել գյուղացուն. «Խոսալ պետք չի, գործ թող անեն» (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները