Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։
Պայմանագիրը կնքվել է կառավարության մեկ անձից կատարվող գնումների միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի։
Գնումը կազմել է 18 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 37.000 դոլար՝ Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 17-ին սահմանված փոխարժեքի համաձայն):
Ըստ մեքենայի տեխնիկական բնութագրի․
- 2021 թվականի արտադրության է,
- ավտոմեքենայի գույնը՝ սև,
- շարժիչի ծավալը՝ առավելագույնը 2․5 լիտր,
- վառելիքի տեսակը՝ բենզին,
- վառելիքի բաքի տարողությունը՝ առավելագույնը 60 լիտր,
- վառելիքի ծախսը (խառը ցիկ․)՝ առավելագույնը մինրև 7 լիտր,
- սրահի գույնը՝ սև, կաշեպատ,
- 18 թեթևաձույլ անվասկավառակներ 235/45R18-245/45/19,
- ավտոմատ լուսարձակների տիրույթի կառավարում,
- մասնակի պահեստային անիվ,
- թափքի գույնի կողային հայելիներ,
- ալեհավաք՝ «շնաձկան լողաթև»,
- ավտոմեքենայի վազքը գնման պահին չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը։
Ըստ պայմանագրի՝ սպասարկման ընթացքում շարժիչի յուղը պետք է փոխարինվի սույն ավտոմեքենայի համար նախատեսված գործարանային յուղով։
Մատակարարը պետք է ունենա՝ ավտոպահեստամասերի/ընթացային, թափքի մասին պահեստամասեր/ պահեստ կամ խանութ, վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր արտադրամասերը (ընթացամասի, էլեկտրականության, յուղման, անվաբացքի կարգավորման, վուլկանացման, ինժեկտորի վերանորոգման, ղեկային մասի, շարժիչի, փոխանցման տուփի և կամրջակների վերանորոգման, մեքենայի ախտորոշման և այլ անհրաժեշտ սարքավորումներ և ծառայություններ, ինչպես նաև՝ զոդման և թափքի ներկման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն):
Մեքենայի գնման մասին, ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր այն հարցման, թե ինչ մակնիշի է մեքենան, Հակակոռուպցիոն կոմիտեից պատասխանել են, որ նպատակահարմար չէ հայտնել դրա մակնիշը, քանի որ մեքենան հատուկ նշանակություն ունի։ «Առաջիկայում ձեռք է բերվելու ևս 9 ավտոմեքենա»,-նշել են Հակակոռուպցոն կոմիտեից։
Իրավաբան.net-ը հայտնում է նաև, որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացած տեղեկությունների համաձայն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի սեփականատերերի ցանկում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, ով այժմ անցնում է քրեական գործով։