Թուրքական «Զլիկան» ռազմակայանը Իրաքում, Մոսուլ քաղաքից հյուսիս-արեւելք, ենթարկվել է երկրորդ հրթիռակոծմանը վերջին երկու օրվա ընթացքում, տեղեկացրել է Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը Shafaq տեղեկատվական գործակալությանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Թուրքական ռազմակայանի գտնվելու վայրում՝ Մոսուլ քաղաքից հյուսիս-արեւելք, երեք հրթիռ է ընկել։ Թուրքական հրետանին արձագանքել է պատասխան կրակով»,- ասել է աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ ռմբակոծման հետեւանքով թուրքական ռազմակայանում գտնվող զինվորականները չեն տուժել։
Շաբաթ առավոտյան «Կատյուշա» համակարգի երկու հրթիռով ռմբակոծման էր ենթարկվել նաեւ թուրքական «Զլիկան» ռազմակայանի շրջակայքը։