Կալիֆոռնիայի բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները գտել են մի միջոց, որով հնարավոր է կարդալ մարդու մտքերը եւ երազները: NewsIsrael կայքի փոխանցմամբ, գիտնականներն իրենց հրապարակումներում նշում են, որ ուղեղի որոշակի նեյրոնների ակտիվացումն ասոցացվում է որոշակի առարկաների եւ կերպարների հետ:
Փորձի մասնակիցներին գիտնականները ցուցադրել են առարկաներ եւ արձանագրել, թե որ նեյրոններն են այդ դեպքում ակտիվանում, ինչի արդյունքում կարողացել են կազմել մի ցանկ, ուր նշված են այդ առարկաների եւ կերպարների ընկալման համար ակտիվ նեյրոնները:
Բայց մասնագետները նշում են, որ այդ ցանկի միջոցով մարդու մտքերն ու երազները կարելի է կարդալ միայն այն դեպքում, եթե համապատասխան սարքեր վիրահատական միջամտությամբ ներդրվեն մարդու ուղեղում:
Փորձի մեջ ներգրավված մարդիկ էպիլեպսիայի հետ կապված խնդիրներ են ունեցել, եւ նրանց ուղեղում արդեն իսկ ներդրված են եղել այդպիսի էլեկտրոդներ: Նույն գիտնականները նշում են, որ սենսորային տեխնոլոգիաներն այնպես են զարգանում, որ ուղեղի ակտիվությանը կարելի է հետեւել արդեն առանց վիրահատական միջամտության: