Քաղաքականություն

Հո անարխիա չի, որ ով երբ ուզի՝ քավության նոխազ դառնա 4rd.am

Երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ինքն է ամբողջական պատասխանատվություն կրում հայ-թուրքական բանակցությունների համար կամ ինքն է էկոնոմիկայի նախարարին արգելել հրաժարական տալ ու ինքն է որոշելու՝ որ նախարարն ինչքան պիտի աշխատի, հանրային կարծիքը երկու մասի բաժանվեց։ Մարդկանց մի մասը սկսեց խոսել ստրուկի կարգավիճակով «քաղաքական թրաֆիքինգի ենթարկվող» պետական պաշտոնյաների մասին, մյուսները՝ հակառակը, հիացան, որ «Նիկոլը տղամարդու նման ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա»։

Իրականում այստեղ պատասխանատվության մասին, իհարկե, խոսք չկա։ Նախ՝ որովհետև Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, միայն «ընդհանուր առմամբ» է ստանձնում պատասխանատվությունը, իսկ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մեղքը բարդում է ուրիշների վրա («կարող ա՞ գերագույն գլխավոր հրամանատարը պիտի ռազմական օպերացիաներ մշակեր», «ես ընդամենը մոդերատոր եմ եղել», «չհասկացա, ձեռ ու ոտ ունեք, գնացեք աշխատեք, աղքատությունը ձեր գլխում ա» և այլն), և երկրորդ՝ նրա պատկերացմամբ, ինչ-որ բանի համար պատասխանատվություն կրելը որևէ հետևանք չի առաջացնում, կարելի է ընդամենը հայտարարել, որ այո, պատասխանատուն ես եմ, ու շարունակել հանգիստ ապրել։

Իր այդ «տղավարի պահվածքով» Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ հարց է լուծում։ Նա ձևավորում է համակարգ, որտեղ ցանկացած տրամաչափի պաշտոնյա պիտի պատասխանատու լինի ոչ թե պետության առաջ, օրենքի առաջ, հանրության առաջ և այլն, այլ անձամբ իր առաջ։ Նրա ասածը հետևյալն է՝ «կապ չունի ինչ արդյունքներ եք ապահովել, կապ չունի՝ օրենք եք խախտել, թե ոչ, կապ չունի՝ ժողովուրդը ձեզ հայհոյում է, թե ոչ, և ընդհանրապես՝ ձեր խնդիրը ժողովրդին դուր գալը չի, ձեր խնդիրը ի՛նձ դուր գալն է, այնպես որ՝ հանգիստ վեր ընկեք տեղներդ»։ Իսկ սա իր հերթին նշանակում է պետական կառավարման համակարգի հարյուր տոկոսանոց վերահսկելիություն և միանձնյա ղեկավարում, պարզ ասած՝ դիկտատուրա։

Ցանկացած նորմալ երկրում եթե որևէ նախարար ձախողում է իր ոլորտը, անմիջապես հրաժարական է տալիս, իսկ եթե ձախողումը շատ ցայտուն է՝ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը։ Լինում է, որ հրաժարական է տալիս նաև փայլուն արդյունքներ գրանցած նախարարը, եթե, օրինակ, որևէ էկզոտիկ կղզում բռնացրել են սիրուհու հետ։ Այս դեպքում գործում է հանրային կարծիքը։ Նախկինների օրոք նույնիսկ Հայաստանում էին նման բաներ տեղի ունենում։ Օրինակ՝ հանրային կարծիքի ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարի» միջադեպից հետո հրաժարվեց պատգամավորական մանդատից, Գագիկ Բեգլարյանն ինչ-որ մեկին չափալախելուց հետո հրաժարական տվեց, և այլն։ Ճիշտ է, ամենայն հավանականությամբ՝ նաև խորքային պատճառներ կային, բայց հանրային կարծիքի կարևորությունը գոնե ձևականորեն պահպանվում էր։ 

Այ հենց դա՛ է վերացնում Նիկոլ Փաշինյանը։ Ինչպե՞ս պիտի իրենց պահեն նախարարները, պատգամավորները կամ համայնքապետերը, եթե գիտեն, որ իրենց պաշտոնավարումը ոչ թե աշխատանքի արդյունավետությունից կամ հանրային կարծիքից է կախված, այլ «շեֆին» դուր գալու աստիճանից։ Ճիշտ է, պիտի իրենց աշխատաժամանակի մեծ մասը նվիրեն «շեֆին» դուր գալու ձևեր գտնելուն, այսինքն՝ կռահեն նրա ցանկություններն ու հլու-հնազանդ իրագործեն դրանք։ Պարզ ասած՝ սկսում է գործել «պաշտոնյաները պիտի ոչ թե ժողովրդին դուր գան, այլ Նիկոլին, իսկ ժողովրդին դուր գալը Նիկոլի գործն է» համակարգը։ Ընդ որում՝ այդ համակարգում ինչքան ատելի լինեն պաշտոնյաները, այնքան լավ, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար ավելի հեշտ կլինի «ժողովրդին դուր գալը»։ Ժամանակ առ ժամանակ ատելիներից մեկին գործից կհանի ու կարճ ժամանակով կփրկի վարկանիշը։

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version