Հասարակություն
Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է
Oրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն: Կինը տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել:
Ըստ լրատվամիջոցի՝ պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել, որը դատախազությունն ստացել էր Արարատի մարզպետից, որտեղ հայտնվում է, որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ.-ն 2020-2021թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա.-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար:
Իր հայտարարությամբ Անուշ Դ.-ն հայտնել է, որ նշված գումարն ինքն է փոխանցել Գայանե Ա.-ին՝ առանց ՊՈԱԿ-ի որևէ աշխատակցի, այդ թվում՝ հաշվապահի իմացության, հետագայում այդ գումարները տնօրինել է ինքը ֆինանսական խնդիրների պատճառով: Նա պատրաստակամություն էր հայտնել, որ պատճառված վնասը իր կողմից կվերականգնի:
Այս դեպքերից հետո, ըստ աղբյուրի, Անուշ Դ.-ն այցելում է որդու շիրիմին, ապա՝ կատարում ինքնասպանության փորձ, իսկ հունվարի 15-ին հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահանում է:
Հասարակություն
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հասարակություն
Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է
Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հասարակություն
Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։
Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։
Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։
Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում