Ադրբեջանցիներն արցախցիներին շահավետ առաջարկություններ են անում՝ իրենց բնակարանները վաճառելու: Արցախում այդ ամենին սկսել են այլևս լուրջ չվերաբերվել, ավելին՝ այդ արշավը 44-օրյա պատերազմից առաջ էլ կար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում տարածում գտած այն տեղեկությանը, թե ադրբեջանցիները արցախցիներին ներկայացնում են տարաբնույթ առաջարկներ՝ նրանց բնակարանները գնելու:
Պատգամավորը նշեց, որ ադրբեջանցիները հայերի հետ կապի են դուրս գալիս սոցիալական հարթակներում և թիրախային խումբ է դառնում մարդկանց այն զանգվածը, որը շատ ավելի ակտիվ է սոցիալական տիրույթում:
Թեև տարիներ շարունակ ադրբեջանցիների կողմից այդ առաջարկությունների հաճախականությունը չի նվազում, պատգամավորը հանգիստ է, արցախցին ոչ տուն կվաճառի և ոչ էլ ադրբեջանցին կգնի այն և կբնակվի օրինակ՝ Ստեփանակերտում.
«Եթե այդպես լիներ՝ հիմա Շուշին բնակեցված կլիներ, բնականաբար, որևէ մեկը չի գալու այստեղ ապրելու: Այստեղ շատ խիստ վերահսկվում է սահմանը, եթե անգամ ստացվի էլ իրենց կողմից տուն գնելը, ապա որևէ մեկը թույլ չի տա, որ գան և բնակվեն այստեղ, անգամ, հայերին է շատ դժվար հաջողվում մուտք գործել Արցախ: Այսօր Արցախում գեթ 1 հոգի էլ չեք գտնի, ով կգնա այդ գայթակղությանը: Արցախցու և ադրբեջանցու շփումը ստացվում է միայն այն ժամանակ, երբ մերոնք չեն իմանում, որ շփվում են ադրբեջանցու հետ, այսինքն՝ նրանք հանդես են գալիս հայ օգտատերերի անուններից, որը կարճ ժամանակ անց ԱԱԾ-ն բացահայտում է»,- նշեց պատգամավորը:
Մեր այն դիտարկմանը, թե եթե սին առաջարկություն են միայն, ապա էլ որն է իմաստը նման առաջարկներով հանդես գալու, Մետաքսե Հակոբյանը նշեց, որ նրանք նման կերպ փորձում են իրենց հաղթանակած զգան և խուճապ տարածեն Արցախում. «Նրանց այդ քայլը տեռորի նման մի բան է, ադրբեջանցիները հաճույք են ստանում այս ամենից»,-ասաց պատգամավորը:
Վերջինս ընդգծեց, որ Արցախը ադրբեջանցիների համար հայրենիք չէ և երբեք չի էլ եղել. «1 տարվա ընթացքում, ինչ նրանք եկել են և օկուպացրել մեր տարածքը, ես չեմ տեսել նրանց մոտ սեր դեպի Արցախը, նրանք, պարզապես, քոչվոր ցեղեր են, որոնք ժամանակ առ ժամանակ թալան են իրականացնում՝ առևանգելով մեր անասունները, էլ չենք խոսում հովիվներին առևանգելու մասին: Արցախը մեզ համար հայրենիք է, իրենց համար պարզապես տարածք և այն պայքարը, որ մենք տանում ենք տարածքի համար է, իսկ իրենց մոտ չի կարող հայրենիքի գաղափար լինել»,- եզրափակեց նա:
Զվարթ Պետրոսյան