Կառավարությունն այս շաբաթ մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68 հազարից 100 հազար դրամ դարձնելու մասին։
Մերժման տեքստում Կառավարությունը մի շարք հիմնավորումներ էր ներկայացրել`մի կողմից հակասելով իր իսկ արած հայտարարություններին, մյուս կողմից` փորձելով արդարացնել նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ չդարձնելու որոշումը։
Պարզվում է՝ իշխող քաղաքական ուժը, որ իշխանության եկավ նոր աշխատատեղեր ստեղծելու մասին ամպագոռգոռ խոստումներով, իշխանության գալուց մոտ չորս տարի անց բացահայտում է, որ Հայաստանում գործազրկությունը բարձր մակարդակի է, իսկ քանի որ գործազրկությունը բարձր է, ուստի նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնել հնարավոր չէ, որովհետև այդ դեպքում միջին աշխատավարձը 50%-ով պակաս կլինի, քան այսօր առկա միջին աշխատավարձն է: Դա էլ իր հերթին՝ գործազրկության բարձր մակարդակ ունեցող Հայաստանում կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա։
Ի դեպ, հարկ է նշել, որ գործադիրը ընդդիմադիր խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը մերժել է՝ հիմնավորելով, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով մինչև 2026 թվականը քայլեր ձեռնարկելու են նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ: Այսինքն, հինգ տարի ժամկետ են սահմանում, որպեսզի նվազագույն աշխատավարձը շուրջ 20 հազար դրամով բարձրացնեն: Այնինչ այսօր գրանցված գնաճի, կոմունալ ծախսերի՝ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների բարձրացման պայմաններում արդեն քաղաքացին սոցիալական լուրջ խնդիրների է բախվում: Հինգ տարի անց այդ խոստացված 85.000 դրամը դժվար թե բոլոր ցավերին դարման լինի:
Գուցե գործադիրը մերժում է ընդդիմադիր խմբակցության առաջարկը, որովհետև հնարավորություններն են սուղ, բայց բոլորովին վերջերս այդ նույն իշխանության ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում հայտարարում էր, թե տնտեսության վիճակը շատ լավ է:
Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ չդարձնելու իր որոշումը Կառավարությունը պայմանավորել է նաև նրանով, որ նվազագույն աշխատավարձի՝ հատկապես մեծ չափով փոփոխությունները պարունակում են էական գնաճային ռիսկեր և, ըստ տարբեր վերլուծությունների, նվազագույն աշխատավարձի յուրաքանչյուր 10% ավելացումը կարող է հանգեցնել 0.3-0.7 տոկոսային կետ լրացուցիչ գնաճի։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը գնաճի հետ կապող Կառավարությունը, սակայն, որևէ բառով չի պարզաբանել՝ իսկ 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձն այդ դեպքում ի՞նչ տոկոսային կետով է կապվում Հայաստանում արձանագրված 8.4 տոկոս գնաճի հետ, ու եթե տրամաբանությունն այն է, որ աշխատավարձը բարձրացնեն՝ գնաճ կլինի, ապա ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չեն առաջնորդվել, երբ բարձրացնում էին՝ նախարարների, ԱԱԾ աշխատողների, և կրկնապատկում՝ Ոստիկանության ծառայողների աշխատավարձերը:
Հետաքրքիր է, որ հենց նույն օրը և նույն նիստի ընթացքում գործադիրը մի ձեռքով մերժել է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագիծը, մյուս ձեռքով՝ ընդունել որոշում դիվանագիտական ծառայության մեջ գտնվողների, նրանց ընտանիքի անդամներին հատկացվող բնակվարձի և այլ ծախսերի համար տրվող փոխհատուցումը տարեկան 170 միլիոն դրամով ավելացնելու մասին։