Ինչո՞ւ ենք մենք այսպիսին. ոչ մի բացատրություն չեմ կարողանում գտնել: Գիտենք, որ Արցախի Շեխեր գյուղի երկու քաղաքացու՝ Արարատ Ղուլյանի և Հմայակ Միրզոյանի աճյունները գտնվում են դիահերձարաններից մեկում, թե որտեղ՝ դեռ չենք պարզել: Նրանց դիակները 2020 թվականի դեկտեմբերի 20-ին որոնողները հայտնաբերել են գյուղում, աճյունները հետո տեղափոխվել են:
Չնայած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նշված է, որ Հմայակ Միրզոյանի դիակի նույնականացումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից, սակայն համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի տեսել դիակը, նույնականացում չի եղել: Արարատ Ղուլյանի մայրը երկու անգամ ԴՆԹ հետազոտություն է անցել: Մի անգամ արյուն են վերցրել Հմայակ Միրզոյանի դուստրերից մեկից: Դրանից հետո որեւէ բան նրանց չեն ասել:
Չգիտեմ՝ Առողջապահության նախարարությունը, Քննչական կոմիտեն կորցրե՞լ են թղթերը, պատասխանները ինչ-որ տե՞ղ են դրել:
Պետական կառույցներն ինչու՞ են այդպես աշխատում, որո՞նք են պատճառները: Անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում: Ես համոզված եմ, որ նման բազմաթիվ պատմություններ կան անհետ կորածների վերաբերյալ: Ու չգիտենք՝ ինչ անել, այդ թղթերը հասանելի չեն, այդ կառույցներ հնարավոր չէ մտնել՝ պարզելու, թե որ դիահերձարանում են այդ երկու խաղաղ բնակիչների աճյունները: Նայե՛ք այդ մարդկանց գործերը, ստուգե՛ք տվյալները, նույնականացրե՛ք նրանց աճյունները և տվե՛ք հարազատներին՝ հուղարկավորեն:
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից