Նոր Զելանդիայի վարչապետը չեղարկել է իր հարսանիքը՝ կորոնովիրուսի հետ կապված. Նոր Զելանդիայում համավարակի բռնկումից ի վեր մահացել է 52 մարդ
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը չեղարկել է իր սեփական հարսանիքը՝ երկրում կորոնովիրուսի նոր տարբերակի հետ կապված խստացումների ֆոնին։ «Ես ոչ մեկից առավել չեմ։ Մեր քաղաքացիները շատ ավելի ծանր փորձությունների միջով են անցնում։ Դա՛ է ինձ տխրեցնում»,- հայտարարել է վարչապետը։
Մոտ 6 միլիոն բնակչություն ունեցող Նոր Զելանդիայում համավարակի բռնկումից ի վեր մահացել է 52 մարդ:
Հունվարի 22-ին Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որին մասնակցել է կառավարության ամբողջ կազմը, ԱԺ պատգամավորներ, Երևանի քաղաքապետը, մարզպետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլք։
2020-ի հունիսին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել էր աշխատանքից, որովհետև նրա որդու հարսանիքը կայացել էր համավարակի պայմաններում։
Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում համավարակի բռնկումից ի վեր մահացել է 8028 մարդ։ Եվս 1523 մարդ, ըստ ԱՆ-ի, ունեցել է կովիդ, բայց մահացել է այլ պատճառով։
Հ.Գ. Շնորհավորում ենք պաշտպանության նախարարին ամուսնության կապակցությամբ և մաղթում անձնական երջանկություն։ Պարզապես, վերոնշյալից բացի, նաև մի տեսակ տխուր բան կա այս կոնտրաստում. լրահոսում կարդում ենք գերիների կտտանքների, Մատաղիսի ուղղությունից 44-օրյա պատերազմում ևս մեկ զոհվածի մասունքի հայտնաբերման ու միաժամանակ՝ պաշտպանության նախարարի հարսանիքի մասին։