Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր գնված մոտ 200 հազար դոլարանոց մեքենան և ևս մեկ ծառայողական մեքենա Երևանի ամենաբանուկ հատվածներում երկու անգամ չթույլատրված հատվածից շրջադարձ կատարում:
Այս առթիվ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերի` նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում:
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»։
«ՉԻ». Այ, սենց, մեր լեզվի ծերին է, բայց չենք կարողանում հիշել, թե էն ով էր, որ Հայաստանը անվանում էր պադավատապետություն: Մի րոպե, մի րոպե… հա, հիշեցինք. ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն էր: Տարիներ առաջ զայրացած ելույթներ էր ունենում ծառայողական ավտոմեքենաների առատությունից ու չէր հասկանում պադավատների իմաստը:
Բայց էն վաղ էր, որ էշը կաղ էր: Հիմա արդեն Ալեն Սիմոնյանի մեքենան կարող է փողոցը հատել որտեղ պատահի՝ վթարային իրավիճակ ստեղծելով: Ալեն Սիմոնյանն էլ ասի՝ դե գիտեք, կառավարության սահմանած օրենքներն են, նման խախտումների համար տուգանք չի հասնում: