Քաղաքականություն

Այս իշխանության օրոք քաղաքականությունը Հայաստանում իր տեղը վերջնականորեն զիջել է միջանձնային հարաբերություններին

Արտակ Հարությունայնը ֆեյսբուքում գրել է

Մի քանի օր առաջ հրաժարական տվեց ՀՀ գործող նախագահը։ Անկախ նրանից, որ գործող Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները քիչ են, միենույն է, նախագահական ինստիտուտը շարունակում է մնալ կարևոր պետական, քաղաքական, ներկայացուցչական ինստիտուտ։ Ու անկախ մեզնից որևէ մեկի՝ Արմեն Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքից, վերջինիս հրաժարականը պետք է դիտարկվեր որպես լուրջ քաղաքական գործընթաց, հրաժարականի տեքստը դառնար քննարկման առարկա։

Փոխարենը, իշխող ուժի ու նրա սպասարկուների թեթև ձեռքով հրաժարականը վերածվեց ծաղրի առարկայի, ներկայացվեց, որպես զուտ անձնական բան (որն իհարկե ես չեմ կարող բացառել, բայց դե համառությունը, որով իշխող ուժը թեման այդ կողմ է շեղում, թույլ է տալիս ենթադրել, որ էդպես չի)։

Թեման շեղելու հրաշալի առիթ էր ՀԵՏՔ-ի հետաքննությունը, որ Նախագահն ինչ-որ պետության անձնագիր ունի՝ թեման քաղաքականից լրիվ շեղելու համար։ Ի դեպ, եթե դա էդպես է, ապա հիշեցնեմ, որ.

ա) Միայն ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթուղթը տեսել էր միայն Նիկոլը ու էդպես էլ դա չհանրայնացվեց։ Ու հա, թեման Մեծ Բրիտանիայի քաղաքացիությանն էր վերաբերվում, բայց մեկ է, էդպես էլ չհանրայնացվեց, թե ինչ փաստաթուղթ է տեսել Նիկոլը,

բ) եթե Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր ունենալը կարող էր պարզել Հետքը, ապա դժվար թե դա պարզած չլիներ ՀՀ համապատասխան մարմինը,

գ) թեև սահմանադրական պահանջ կա, որ Նախագահը վերջին 6 տարում պետք է եղած լինի միայն ՀՀ քաղաքացի, մեկ է, իր Նախագահ ընտրվելու պահին գործող օրենսդրությամբ այլ երկրի քաղաքացիություն ունենալն ու թաքցնելը քրեորեն պատժելի չէր։

Հետևաբար սա նույնպես, ինչքան էլ ամոթալի, բայց նույնքան շեղիչ թեմա էր։

Բայց էս ամենը զարմանալի չի։ Այս իշխանության օրոք քաղաքականությունը Հայաստանում իր տեղը վերջնականորեն զիջել է միջանձնային հարաբերություններին։ Ու ընդհանրապես ամեն ինչը պտտվում է զուտ իրեն տիրակալ համարողի՝ Նիկոլի անձի շուրջը։ Ի՜նչ քաղաքականություն, ի՜նչ քաղաքական հակասություններ, ի՜նչ հնարավոր զարգացումներ։ Դրանք ստորադաս են։ Միայն անձ, անձ, անձ։ Բոլոր խոսակցությունները միայն անձի ու անձնական շահերի շուրջ։ Սա է ներկա Հայաստանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version