Պաբլո Պիկասոյի «Ընթերցում» (La Lecture) նկարը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 25,2 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 40.5 մլն ԱՄՆ դոլար):
Աճուրդը տեղի է ունեցել երեքշաբթի օրը` փետրվարի 8-ին: «Ընթերցումը» դարձել է ամենաթանկ լոտը: Նկարի մոտավոր արժեքը գնահատվել էր 12-18 մլն ֆունտ: Ընդհանուր առմամբ, երեկվա այդ աճուրդով տեղի է ունեցել 70 մլն ֆունտ ստեռլինգի վաճառք: Աճուրդի էին դրված նաև Վասիլի Կանդինսկու, Ռենե Մակգրիտտի և Էդուարդ Մանեի աշխատանքները:
Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Պիկասոյի աշխատանքի հավակնորդները 7-ն են եղել: Հաղթողը ԱՄՆ-ից մի կոլեկցիոներ է եղել, որի անունը չի նշվում, իսկ նկարը նա գնել է աճուրդին հեռահար մասնակցությամբ` հեռախոսով:
«Ընթերցում»-ը նկարվել է 1932 թ.: Նկարում պատկերված է Պիկասոյի բնորդուհին ու սիրուհին` Մարիա-Թերեզա Վալտերը, որի հետ նկարիչը ծանոթացել է 1927 թ.: