Ժամանց
Ոչխարներն ավելի ինտելեկտուալ են, քան կարելի էր պատկերացնել
Լայն տարածում ստացած այն կարծիքը, որ ոչխարները բութ են և հեշտությամբ ենթարկվում են հոտի բնազդին, ըստ բրիտանացի նեյրոկենսաբանների չի համապատասխանում իրականությանը: «Բութ է ինչպես ոչխարը» ասացվածքը անհրաժեշտ է չեղյալ համարել, հայտարարել է գիտնականների խմբի ղեկավար, պրոֆեսոր Մորթոնը: Այս մասին գրում է MIGnews-ը:
Մորթոնը ստիպել է ուելսյան լեռնային մի քանի ոչխարների անցնել ստանդարտ ինտելեկտուալ թեստ` տարբեր գույների դույլերից ընտրել այն, որի մեջ կեր կա: Ոչխարն այս թետում հաջողության է հասնում յոթերորդ անգամից, մինչդեռ նույն թեստը կատարելու համար նույնքան ժամանակ են ծախսում պրիմատներն ու հումանոիդները:
Զարմացած Մորթոնը պատմում է. «Ոչխարները շատ վատ համբավ ունեն և ես նրանցից որևէ լուրջ բան չէի էլ սպասում: Սակայն նրանք մեր փորձերի ժամանակ ցույց տվեցին նույն արդյունքն ինչ կապիկներն ու մարդիկ: Ավելին, նրանք շարունակում էին բարձր արդյունքներ ցուցադրել նաև թեստի պայմանները փոխելուց հետո:
Ոչխարները բավականաչափ ինտելեկտուլ են, նրանք կարող են ճանաչել մարդկանց և կարող են արձագանքել իրենց մականուններին»:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: