Ժամանց

Չինացին գնեց աշխարհի ամենաթանկ շանը

Ինչպես գրում է The Daily Telegraph գործակալությունը, չինացի միլիոնատերը, որի անունը չի նշվում, գնել է տիբեթական մաստիֆ ցեղատեսակի շուն 10 միլիոն յուանով (մոտ 1,5 մլն դոլար): Այսպիսով, 11 ամսական բաց շիկակարմիր գույնի այս շունը դարձավ աշխարհի ամենաթանկ շունը:

Տիբեթական մաստիֆների բազմացմամբ զբաղվող մասնագետի խոսքերով, այն գումարը, որը ստացել է Խուն Դուն («Խոշոր բռնկում») շունը, լիովին արդարացված է, քանի որ նրա լույս աշխարհ գալու և հետագա խնամքի համար ծախսվել է ոչ քիչ գումար:

Իր նոր տիրոջ տանը Խուն Դունը կսնվի հավի, տավարի մսով, եփած ձկնեղենով, ինչպես նաև ծովային վարունգներով: Բացի այդ, շան կերակրացանկի մեջ կմտնի նաև ոսկորը, որի օգնությամբ նա կմաքրի իր ատամները: Խուն Դունին կտան նաև ձվի կեղևով պատրաստված ճաշատեսակ, որը կհանդիսանա կալցիումի աղբյուր:

Այս ցեղատեսակների վաճառքի նախկին ռեկորդը սահմանվել էր 2009թ.-ին, երբ այն վաճառվել էր 600 հազար դոլարից քիչ ավելի գումարով:
Տիբեթական մաստիֆը համարվում է բնիկ չինական ցեղատեսակ: Ավանդության համաձայն` անձամբ Բուդդան է ունեցել այսպիսի շուն:

Մաստիֆները իրենց չափերով խոշոր են. նրանց քաշը կարող է հասնել 100 կիլոգրամի: Մաստիֆի մորթին այնքան խիտ է, որ նրան կարելի է դրսում պահել տարին 12 ամիս: Այս շները հեշտությամբ ենթարկվում են վարժեցման, լավ պահապաններ են, միևնույն ժամանակ չեն ցուցաբերում ագրեսիվություն իրենց տերերի նկատմամբ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version