Ինչպես հայտնաբերել են ԱՄՆ Փերդյուի համալսարանի հետազոտողները, կարմիր պղպեղի ամենօրյա օգտագործումը ճնշում է ախորժակը: Ընդ որում` օրական փոքր քանակությամբ պղպեղ ուտելը չեզոքացնում է աղի, թթու կամ յուղալի ուտեստների հանդեպ ցանկությունը:
Բժիշկները նախկինում էլ էին դիտարկել կարմիր պղպեղի ազդեցությունը մարդու ախորժակի վրա, դա հատկապես արդյունավետ է այն մարդկանց դեպքում, որոնք սեր չունեն կծվի նկատմամբ: Սակայն նախորդ հետազոտությունների դեպքում փորձին մասնակցած կամավորներն ուտում էին մեծ քանակությամբ կարմիր պղպեղ, այն էլ հաբերի տեսքով:
Հիմա մասնագետները որոշել էին փորձին մասնակցողներին դիտարկել «բնական պայմաններում»: Ամենօրյա սննդակարգում նրանք սկսել էին օգտագործել միջինը 1 գրամ կարմիր պղպեղ, որը համարժեք է կես թեյի գդալ աղացած պղպեղին:
Փորձի մասնակիցներից 13-ը սիրել են կծու, իսկ 12-ը` ոչ: Այս դեպքում առաջին խմբին տրվել է օրական 1.8 գ պղպեղ, ոչ սիրահարներին` 0.3 գ: Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր չեն սիրել կարմիր պղպեղ, նրանց մոտ արդյունքը զգալի է եղել. նկատվել է ախորժակի, հետևաբար` քաշի նվազում: Իսկ նրանք, ում «ծանոթ» է եղել կծվի համը, նրանց մոտ արդյունքն ավելի վատն է եղել:
Այս մասին գրում է Medical Xpress կայքը: