Քաղաքականություն

Պատերազմից հետո իշխանության մնացածները պատասխանատվություն են կրում Փաշինյանի իրականացրած քաղաքականության համար

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է

Մեր իրականության մեջ հանրապետության նախագահի հնարավոր թեկնածուին պետք է դիտարկել ոչ թե նրա անձնական հատկանիշների կամ կենսագրական տվյալների հարթության վրա, այլ որպես կառավարող ուժի քաղաքականությունն իրականացնող մարմնի: Պարզ ասած` հարցը պետք է դիտարկել պատասխանատվության շրջանակներում:

Նույն խոսակցությունները շրջանառվում էին նաև 4 տարի առաջ, երբ ՀՀԿ-ն առաջադրեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Այն ժամանակվա իշխանական պրոպագանդան քարոզում էր Սարգսյանի անձնական հատկանշները, իսկ քննադատները, որոնց թվում էին նաև ներկայիս իշխանականները, բարձրաձայնում էին Սարգսյանի կենսագրությանը վերաբերող «մութ» խոսակցությունները: Ու հիմա էլ նախագահի հնարավոր թեկնածուն նույն հարթությունների վրա է դիտարկվում:

Այն, որ իշխանական պրոպագանդիստները պետք է դրական վերաբերվեն իշխանությունների կողմից առաջադրվող թեկնածուին, դա պարզից էլ պարզ է: Ում էլ առաջադրեն, գովք են անելու: Դա հարց չի: Վաղը, եթե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին որևէ պաշտոնի նշանակի, իշխանական պրոպագանդան օրգազմից կմեռնի:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր տարբեր շրջանակների կողմից նախագահի հնարավոր թեկնածուի վերաբերյալ հնչող դրական արձագանքներին, ապա, ամենայն հարգանքով հանդերձ, այդ մարդիկ նախ պետք է հստակ քաղաքական դիրքորոշում սահմանեն. նրանք կո՞ղմ են ներկա իշխանությունների հետ համագործակցելուն և պատասխանատվություն ստանձնելուն, թե՞ դեմ են: Այս հարցի դրական արձագանքից հետո միայն նրանք կարող են գնահատել նախագահի հնարավոր թեկնածուին և խոսել նրա անձնական կամ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Մի բան էլ: Պատերազմից հետո իշխանության մնացած և հետագայում պաշտոններ ստացած բոլոր քաղաքական դերակատարում ունեցողները պատասխանատվություն են կրում Փաշինյանի իրականացրած քաղաքականության համար և կիսում են իշխանական տեսակետները: Մնացածը էժանագին մանիպուլյացիա է:

Իսկ եթե ոմանց ձեռնտու է թեկնածուին բացառապես անձնական հատկանիշների ու փաշինյանական օրակարգերի հարթության մեջ դիտարկել, ապա այս միջավայրում ով էլ լինի Արմեն Սարգսյանի փոխարեն, վստահաբար նրանից լավը չի լինելու:

Ամենաընթերցվածները

Exit mobile version