Կանաչ թեյը և նրանից սարքած թուրմը միշտ օգտագործել են խոլեստերինը պակասեցնելու համար, ինչը սրտանոթային հիվանդություններ հարուցող հիմնական պատճառներից է: Սակայն Պեկինի միացյալ բժշկական քոլեջի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյը չի կարող բուժիչ համարվել, քանի որ խոլեստերինն իջեցնելու շատ փոքր հնարավորություններ ունի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Գիտնականների զեկույցը ներկայացվել է կլինիկական 14 հետազոտություններ կատարելուց հետո: Փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի. նրանց, ովքեր թեյն օգտագործում էին 3 շաբաթից մինչև 3 ամիս, իսկ մյուս խումբը թեյ է խմել առանց կենսաբանական ակտիվ նյութերի: Արդյունքում պարզվել է, որ երկու խմբերի մոտ խոլեստերինի տարբերությունը չնչին է եղել:
Ելնելով այս հետազոտության արդյունքներից` Կալիֆոռնիայի համալսարանի սրտային հիվանդությունների պրոֆիլակտիկայի ծրագրի ղեկավար Նաթան Վոնգը զգուշացրել է, որ «այս ըմպելիքը չի կարելի օգտագործել դեղամիջոցների փոխարեն»: Ընդ որում՝ կանաչ թեյը մի քանի դեղամիջոցների հետ ընդունելու դեպքում կարող է նվազեցնել այդ դեղամիջոցների ազդեցությունը:
Վոնգը հավելել է, որ կանաչ թեյը պետք է լինի միջին թնդության, իսկ դրա օգտագործումը՝ չափավոր: Այդ դեպքում այն կարող է դառնալ առողջ սնվելու բաղկացուցիչ մաս: