Ժամանց
Ֆեյսբուքը բթացնու՞մ է
Տեսախաղերը և սոցիալական ցանցերը կարող են անչափահասների մոտ ասոցիալական պահվածք, նարցիսիզմ և հոգեբանական այլ խնդիրներ առաջացնել, ասվում է Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտության մեջ: Անգամ օրեկան 15 րոպե Facebook-ում անցկացնող պատանիները սկսում են ավելի վատ սովորել և ավելի դանդաղ կարդալ:
Հոգեբանները ուսումնասիրել են նախկինում արված հետազոտությունները և, բացի այդ, ուսումնասիրել են 300 երիտասարդների պահվածքը:
Սակայն մի դրական ազդեցություն ևս արձանագրվել է. երիտասարդների մոտ զարգանում է, այսպես կոչված վիրտուալ էմպատիան` այսինքն սոցցանցի միջոցով այլ մարդու տրամադրությունը զգալու և դրա վրա դրականորեն ազդելու ունակությունը: Վիրտուալ էմպատիան կարող է նաև նպաստել վերոհիշյալ շեղումների հաղթահարմանը:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: