Շոկոլադն օգտակար է սրտի աշխատանքին, սակայն շաքարն ու յուղը նրա պարունակության մեջ այնքան շատ են, որ դրա օգտակարությունը գրեթե չեզոքանում է: Այս մասին հայտնում են բրիտանացի գիտնականները` գրում է British Medical Journal-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով սիրտ-անոթային հիվանդությունները տարեկան 17 միլիոն մարդու կյանք են խլում: Համարվում է, որ շոկոլադի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի հնարավորությունը:
Քեմբրիջի համալսարանի գիտնականները երկու խմբի էին բաժանվել և միմյանցից առանձին կատարել նույն հետազոտությունը, որին մասնակցել էին ավելի քան 114 հազար մարդ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդերլանդներին, Շվեդիայից և Ճապոնիայից: Նրանց թվում էին ինչպես առողջ, այնպես էլ շաքարախտով տառապող մարդիկ:
Գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ շոկոլադը 37%-ով նվազեցնում է ինֆարկտի և 29%-ով ուղեղի կաթվածի հնարավորությունը: Սակայն շոկոլադի մեջ պարունակվող շաքարն ու յուղը կարող են ավելի վատ անդրադառնալ առողջության վրա` առաջացնելով շաքարախտ:
Բժիշկներն այս խնդիրը լուծելու համար առաջարկում են շոկոլադ արտադրող ընկերություններին հնարավորինս նվազեցնել յուղի և շաքարի պարունակությունն իրենց արտադրանքի մեջ: