Քաղաքականություն

«Իրերի ցանկը, որը պետք է գնի նորակոչկի ծնողը». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը գրել է. «Շատ էր խոսվում բանակում կատարված ռեֆորմների մասին, որոնց արդյունքում իբրև լուծվել են կենցաղային շատ խնդիրներ, մասնավորապես՝ զինվորների հիգիենայի պարագաների, ներքնազգեստների և այլն։ 


Այսօր հետաքրքիր միտում է նկատվում, երբ նորակոչիկին ճանապարհում են զինծառայության, ով իր հետ պետք է ունենա այնպիսի պարագաներ (ցանկը պատկերված է նկարում), որը գնում է նորակոչկի ծնողը, բայց պետք է լիներ հակառակը՝ այդ ամենը նորակոչիկին պետք է բաժանի զորամասի թիկունքի պետը։ 
Նկարում պատկերված ցանկը կարծես թե բաժանված է զինառներին (Военторг), եթե կուզեք, զինվորական խանութներին, որը ներկայացվում է նորակոչիկի ծնողին, ով էլ ըստ հերթականության կատարում է առևտուրը։ Ի դեպ խանութներում հավաստում են, որ ցանկը «վերևից» են ստացել։ 


Նորակոչիկների ծնողները նշում են, թե «բոլորին ասում են՝ երեխեն պետքա էս պարագաները անպայման ունենա և ուղարկում են զինվորական խանութներ», իսկ հարցին, թե էս պարագաները պետք է զորամասը տա՝ ինչո՞ւ են իրենք գնում, պատասխանում են՝ «քանի որ նորակոչիկները դեռ բաշխված չեն ըստ զորամասերի, անհրաժեշտ է, որ իրենց հետ ունենան այդ պարագաները, բաշխվելուն պես զորամասը կապահովի զինվորին անհրաժեշտ պարագաներով»։ 


Այս դեպքում հարց է առաջանոււմ, իսկ ինչո՞ւ այդ նույն տրամաբանությամբ համազգեստն ու կոշիկներն էլ ծնողները չեն գնում, չէ՞ որ դա էլ է կարևոր պարագա և հակառակը՝ համազգեստի և կոշիկների հետ ինչո՞ւ չեն տրվում այս պարագաները ևս։ 
Կարող ենք ենթադրել, որ զինառների հետ սևով աշխատող պաշտոնյաները կարողանում են ոչ ֆորմալ իրավիճակներ ստեղծելով հավելյալ գումարներ աշխատել, որից օգտվում են բոլոր՝ զորամասերի թիկունքային ապահովման ծառայությունները, զինվորական խանութները, ինչպես նաև արտադրող ձեռնարկությունները, իսկ ովքե՞ր են տուժում՝ կռահեք երկու անգամից։ 


Տրամաբանական հարց է առաջանում, թե նորակոչիկը որտեղի՞ց պետք է տեղեկանա այդ դիրեկտիվի մասին, այո՛, ճիշտ եք՝ զինկոմիսարիատից։ Ստացվում է գործում է փակ շղթա, որը կառավարվում է «վերևից»։ Զինկոմիսարիատը ստանում է այդ դիրեկտիվը վերոնշլյալ պարագաները նորակոչիկների կողմից զինվորական խանութներից ձեռք բերելու մասին, այնուհետև զինվորական խանութները առանց ընդմիջումների և հանգստյան օրերի աշխատում են, որ ապահովեն «նորակոչիկների պահանջները»։ 


Այս կապակցությամբ լավ կլիներ, որ ՊՆ-ն հանդես գար պարզաբանմամբ՝ ինչո՞ւ է ստեղծվել այս իրավիճակը, ինչո՞ւ զորակոչիկներին համազգեստի հետ չեն տրվում այդ պարագաները, որը մնում է ծնողի ուսերին։ Հասկանում ենք, որ ծնողն իր երեխայի համար պատրաստ է ամեն ինչի, բայց չի կարելի դա օգտագործել հատվածային շահերի նպատակով։ 
Ժամանակին խոսվում էր, որ «մայկա տռուսիկների» հարցը բանակում լուծված է։ Այսօրվա իրականությունը հակառակի մասին է փաստում»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version