Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը ներկայացրել է մի շարք հայտնի մարդկանց թողած աշխարհի ամենատարօրինակ կտակները, որոնցում նշվում են հուղարկավորության ամենազավեշտալի պահանջներ:
Այսպես` Pringles չիփսերի երկար տուփերը ստեղծած Ֆրեդերիկ Բաուրան իր կտակում նշել է, որ ցանկանում է, որպեսզի իր մարմինը դիակիզման ենթարկվի և պահվի չիփսերի համար իր ստեղծած տուպի մեջ: Նրա երեխաները կատարել են իրենց հոր վերջին կամքը:
Երաժիշտ, պրոդյուսեր Մալքոլմ Մըքլարենը ցանկացել է, որպեսզի իր հիշատակը նշվի ոչ թե մեկ րոպե լռությամբ, այլ «մեկ րոպե քաոսով»: Մըքլարենին հուղարկավորել են շատ բարձր ձայնով երաժշտության հնչյունների ներքո:
Լեգենդար երգիչ Ֆրենկ Սինատրան իր կտակում նշել է, որ ցանկանում է, որպեսզի իր դագաղում լինի մի շիշ վիսկի, Zippo կրակայրիչ և ամենակարևորը՝ 10 ամերիկյան ցենտ` շտապ զանգելու հնարավոր կարիքի համար:
Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորն իր հերթին զերծ չի մնացել հումորից: Նա իր կտակում գրել է, որ վախենում է ուշանալ սեփական հուղարկավորումից, ինչի համար խնդրում է, որպեսզի արարողությունը սկսվի 15 րոպե ուշացումով:
Հայտնի ռեպեր Թուփակ Շակուրը, ով երբեք չէր թաքցնում մարիխուանայի հանդեպ իր թուլությունը, հեռացել է աշխարհից էլ ավելի տարօրինակ կերպով: Պարզվում է, որ նրա ընկերները Թուփակի դիակիզման ենթարկված մարմինը խառնել են մարիխուանայի հետ, որից հետո ծխել են այն: Թուփակի հարազատները նշել են, որ կասկածում են ռեպերի ընկերների նման անհեթեթ հայտարարության իրավացիությանը:
Star Trek սերիալի հեղինակ Յուջին Ուեսլի Ռոդդենբերին իր կտակում գրել է, որ ցանկանում է, որպեսզի իր մասունքներն ուղարկվեն տիեզերք:
Միակ մարդը, ում դիակիզված մարմինը գտնվում է Լուսնի վրա, հայտնի գիտնական Յուջին Շումեյքերն է: Աստղագետի կտակի համաձայն՝ նրա մասունքները թաղվել են Լուսնի վրա:
Նավթի արդյունահանմամբ զբաղվող գործարարներից մեկի կինը` Սանդրա Վեստը, ցանկացել է, որպեսզի իրեն հուղարկավորեն երկնագույն Ferrari-ի ղեկին` գիշերանոցով: Նրա վերջին կամքն ի կատար է ածվել…