Քաղաքականություն

Իշխանությունը հնչեցնում է ոսոխի թեզերը, որոնց դեմ մենք Ստրասբուրգում, Վաշինգտոնում, Բրյուսելում, ամենուր՝ 30 տարի շարունակ պայքարել ենք․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքելուց առաջ անհրաժեշտ է հստակեցնել Արցախի կարգավիճակի հարցը։

«Կարծում եմ՝ դա անելու («խաղաղության պայմանագիր կնքելու»-խմբ․) համար պետք է համալիր կարգավորվի Արցախի հիմնահարցը։ Չի կարելի հասնել Հայաստան-Ադրբեջան ամբողջական կարգավորման՝ «խաղաղության պայմանագրի», առանց Արցախի հիմնահարցի ամբողջական լուծման։ Ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի տարածքային ամբողջականությունը խախտվել է, որի կարգավիճակը որոշված չէ։ Քանի դեռ այդ հարցը որոշված չէ, մենք չենք կարող ունենալ ամբողջական «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝  ժկարելի է քայլեր անել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ՝ առանց նախապայմանների, բանակցությունների միջոցով, սակայն կարծել, թե «խաղաղության դարաշրջանի» լոզունգի ներքո իրապես «խաղաղության դարաշրջան» կհաստատվի՝ առանց Արցախի կարգավիճակի և առանց Արցախի տարածքային ամբողջականության վերջնական որոշման, պատրանք է։ Դա, ըստ Հովհաննիսյանի, Հայաստանին ավելի շուտ պատերազմի կտանի, քան խաղաղության։

Իսկ Արցախի կարգավիճակի հստակեցման գործընթացի դանդաղեցմանը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նպաստում են հենց ՀՀ գործող իշխանությունները՝ իրենց հռետորաբանությամբ, հայտարարություններով։

«Ինձ թվում է, որ համանախագահները պատրաստ են վերականգնել իրենց գործառույթը՝ կարգավիճակի շուրջ աշխատանքները վերականգնելու, արագացնելու կամ ամբողջացնելու ուղղությամբ, սակայն Հայաստանն ինքը դա պետք է ցանկանա։ Ինձ թվում է, որ Հայաստանի կողմից նախաձեռնողականություն չկա։ Իհարկե, հետպատերազմյան իրավիճակը որոշ առարկայական իրավիճակ է հաղորդում տարածաշրջանին և նույն գործող իշխանությունների մոտեցումներին, սակայն դա որևէ պատրվակ, պատճառ չի տալիս, որ գործող իշխանություններն սկսեն արտացոլել հակառակորդի, ոսոխի թեզերը՝ իրենց մասնավոր կամ հրապարակային արտահայտություններում։ Դա ուղղակի աննախադեպ է, և այն 30 տարիները, որ մենք՝ որպես պաշտոնյաներ, ընդդիմադիր գործիչներ, շարքային քաղաքացիներ, ներկայացրել ենք իրավական, քաղաքական, քաղաքացիական թեզերն աշխարհին, այդ 30 տարվա մեր աշխատանքներն ուղղակիորեն բախվում են ոչ միայն թուրք-ադրբեջանական ընդդիմախոսությանը, այլև մեր երկրի ներսում գործող իշխանության, պաշտոնյաների արտահայտություններին։ Սա աներևակայելի, աննախադեպ, ցավալի իրավիճակ է»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա հավելել է՝ ընդդիմադիր է եղել Հայաստանի երեք իշխանությունների օրոք, բայց երբեք նման բան չի եղել, որ գործող իշխանությունն ընդունի եղեռն գործած ոսոխի տմարդի, հակաիրավական թեզերը, ինչի դեմ պայքար է մղվել 30 տարի շարունակ։

«Բազմած աթոռների վրա, նրանք, աշխարհին հաճոյանալու համար, մեր ազգի, մեր ժողովրդի 30 և ավելի տարվա պայքարի դեմ ներկայացնում են ոսոխի ներկայացուցիչների՝ իրենց եղերական գործողություններն արդարացնող միևնույն թեզերը, միևնույն փաստարկները, որոնց դեմ մենք Ստրասբուրգում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, Պեկինում, ամեն տեղ պայքարել ենք»,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

aysor.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version