«Ինչպես նախորդ 25-30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանների»,- այսօր Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ահա այս ակնկալիքով է, որ հայկական կողմը կրկին մտել է այս երկխոսության գործընթացի մեջ։ «Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում։ Առաջին հանդիպումն, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող։ Բայց սա այն հարցերից է, որը միայն մեկ կողմի դիրքորոշումից չէ կախված»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը հավելեց, որ ինքն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ «Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ քննարկել, սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին ՀՀ-ն կարող է և որոշել մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երագներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- նշեց նա։