Քաղաքականություն

Ինչ կլիներ, եթե չլիներ այս օրը 4rd.am

Ուղիղ 24 տարի առաջ այս օրը՝ 1998 թվականի փետրվարի 2-ին, քաղաքապետ Վանո Սիրադեղյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը։ Ի՞նչ Հայաստան կունենայինք այսօր, եթե չլիներ այդ հրաժարականը, ինչպես կզարգանային իրադարձությունները՝ երկար զրույցի թեմա է։ Բայց մի բան հաստատ է, օրեր ու իրադարձություններ կան, որոնց անշրջելիությունը թանկ է նստել մեզ վրա։ Սա, թերևս, հենց այդ օրերից մեկն է։ Ու հենց այդ օրերին Վանոն այլ ձևով է կարդացվում և ընկալվում։ Այս անգամ հատվածներ ենք առանձնացրել Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» հոդվածից։ Այն գրվել է 2002 թ․ մայիսի 14-ին։

«․․․Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում և երկրից մնացածին չեն վտարում: Կամ՝ երկրի ողջ չափահաս բնակչությանը չեն զորակոչում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և կեսն է ետ գալիս պատերազմից: Եթե համայնական արտից 10 հասկ փեշը դնելու համար երեխամորը տարիների սրոկ չեն տալիս: Եթե գերի ընկածի ընտանիքին չեն զրկում հացի քարտից ու մատնում սովամահության: Եթե պատերազմից ձեռուոտը տեղը վերադարձածին չեն աքսորում Սիբիր … Իսկապես, ի՞նչ պատերազմ, եթե տունդ հրի չեն մատնել, կանանց բռնաբարել և երեխաներիդ սրի չեն քաշել:

Տիգրան Մեծից դեսը հայությունը միայն այսպիսի պատերազմ գիտի: Բայց չէ՞ որ պատերազմը հազարավոր զոհերով տասնյակ հազար ընտանիք մտավ: Եվ Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի: Ընդ որում, դա ժողովուրդների վարած պատերազմների պատմության մեջ այն եզակի դեպքերից է, երբ երկրից դուրս հազարներով զոհվել, բայց թաղվել են հայրենի հողում: Այդ պատերազմը մերժեց ոչ միայն Հայաստանի հասարակական գիտակցությունը, այլև Սփյուռքը, չնայած պատճառ չուներ հայրենասիրության բացակայությունը բացատրելու ցրտով ու խավարով: Հետևաբար, անցած պատերազմի և առհասարակ «Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, և չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական:

․․․․ Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, և չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետև դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում: Եվ Հայաստանը ընտրությունների գնաց առանց իր լավագույն զավակների: Ինձ ու ձեզ հետ միասին, իմիջիայլոց: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version