Երևանի քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար էր հրապարակել, ըստ որի Երևանի քաղաքապետարանի մուտքի աստիճաններին փռել են նախշազարդ գորգ: Սա այն դեպքում, երբ պաշտոնական կամ տոնական որեւէ միջոցառում քաղաքապետարանում նախատեսված չի եղել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ ինքը եւս պատկերացում չունի, թե ինչի կամ ում պատվին է գորգը փռվել։
Նրա փոխանցմամբ՝ նման փորձ եղել է 2016թ-ին. ձյան հետևանքներից պաշտպանվելու համար մուտքի մոտ գորգ են փռել, սակայն հիմա ձյուն էլ չկա։ «Ինձ ուղարկեցին 2016 թ. նկար, որտեղ ամեն դեպքում ձյուն կար, և նպատակն այն է եղել, որպեսզի մարդիկ բարձրանալիս, քաղաքապետարանի շենք մտնելիս ոտքերը մաքրեն, իսկ այժմ ձյուն չկա, բայց էլի փռած է, հավանաբար սկսել են կիրառել նախկինում եղած փորձը»,- նշել է ավագանում անդամը՝ նկատելով, որ սա շատ տգեղ է և անճաշակության գագաթնակետն է։
Եթե աստիճաններին գորգ փռելու նպատակը քաղաքապետարանի շենքի մաքրության պահպանումն է, ապա տիկին Աբգարյանն առաջարկեց նախշերով գորգի փոխարեն, օրինակ, խոտ հիշեցնող կանաչ գորգ օգտագործել, եթե նույնիսկ ձյուն է: «Առաջին միտքը, որ եկավ այն է, թե ափսոսում են հատակները կեղտոտվի, նման բան են փռել: Ամեն դեպքում հարիր չէ համայնքային կառույցին, տպավորություն է ստեղծվում ոչ թե կառույցի, այլ սեփական տան առջև է գորգը գցած»,- ասել է Իզաբելլա Աբգարյանը: