Քաղաքականություն

Բանակի օրն անցավ, կարելի է դո՞ւրս գալ մեկուսացումից

Բանակի տոնից 2 օր առաջ՝ հունվարի 26-ին, կառավարության պաշտոնական կայքը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական, ըստ այդմ՝ սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Ավելի ուշ պարզվեց, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանը և ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ են կորոնավիրուսով վարակվել:

Իհարկե, հունվարի 26-ին կոլեգիայի նիստին անդիմակ ներկայացած Սուրեն Պապիկյանը որոշել էր հունվարի 28-ին գնալ Եռաբլուր՝ այդպիսով փորձելով, թերևս, հերքել վարակակիր լինելու մասին լուրերը:

Իսկ ՀՀ կառավարությունը հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման հավելվածում, որով առաջարկվում է կրճատել ինքնամեկուսացման ժամկետները:

Մասնավորապես, առաջարկվում է պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը՝ 14 օրվա փոխարեն, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:

Այսօր պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի։

Մենք փորձեցինք ԳՇ-ից պարզել՝ արդյո՞ք ԳՇ պետ Արտակ Դավթյանը ևս դուրս է եկել ինքնամեկուսացումից, թե՞ դեռ ոչ, սակայն մեր հարցադրումը մնաց անպատասխան:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Դվին» հյուրանոցային համալիրում նախատեսված ընդունելությունը չեղարկվել էր, քանի որ բանակի ղեկավար կազմում կորոնավիրուսով վարակման դեպքեր էին արձանագրվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից հետո:

Պաշտպանության նախարարությունից լինելու էր ղեկավար կազմը, նաև ԳՇ պետը:

Հավելենք, որ 2022թ․ հունվարի 28-ին լրացավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակը, սակայն այդ օրը ոչ միայն պետական միջոցառումներ չկազմակերպվեցին, այլև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից և ԳՇ պետ Արտակ Դավթյանից բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ չեղան: 

Եթե պետական միջոցառումների չեղարկումը կարելի է պայմանավորել վարակման դեպքերով, ապա ուղերձների դեպքում դա խնդիր չէր կարող լինել:

Իսկ թե որքանո՞վ է երկրի և ռազմական ղեկավարների վարակման փաստը պայմանավորված ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակը պաշտոնապես չնշելու քաղաքական որոշման կամ տրամադրվածության հետ, ժամանակը ցույց կտա, թեպետ արդեն իսկ որոշ ենթադրություններ կարելի է անել:

Ի դեպ, փետրվարի 20-ին լրանում է ղարաբաղյան շարժման 30-ամյակը, արդյոք այդ օրը կլինե՞ն պաշտոնական հիշատակումներ ՀՀ-ից: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ: Իսկ Ալիևը իր աշխատակազմին հանձնարարել է մշակել և իրականացնել գործողությունների ծրագիր՝ կապված Խոջալուի «ցեղասպանության» 30-րդ տարելիցի հետ։

168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version