Քաղաքականություն

1996թ. սեպտեմբերի 25-ը 1999թ. հոկտեմբերի 27-ի գլխավոր փորձն էր 4rd.am

Անձնական 

Գիտեմ՝ հոգնել ենք Վագեն Մանուկյանի անունն իսկ հիշատակելուց: Գիտեմ՝ մերթընդմերթ վերակենդանացման փորձեր անող, բայց արդեն խփված քարտ էր: Գիտեմ նաև, որ անցյալում «բոցաշունչ» ազգային-ժողովրդավար-հեղափոխականի ո՛չ տրամադրությունն է այսօր մի բան, ո՛չ էլ տրամաբանությունը: Նշեմ՝ առողջ տրամաբանության հետ նրա հարաբերությունները առաջ էլ բավական բարդ էին: Այնուամենայնիվ, ստիպված եմ անդրադառնալ Վ. Մանուկյանին ու նրա մասնակցությամբ, ուղղորդմամբ ծավալված դեպքերին: Որովհետև նա՛ է մեր իռացիոնալ ատելության, խռովածության, սեփական անձին անհարկի բարձր գնահատական տալու, հեղափոխական ավանտյուրիզմի ամենավառ խորհրդանիշը: Մի խոսքով, պրն Մանուկյանն այսուհետ պարզապես հավաքական կերպար է: 

Անձամբ խռովել է 

1991թ. ինչի՞ց խռովեց, ինչո՞ւ չմասնակցեց ՀՀ առաջին նախագահական ընտրություններին, ինչո՞ւ իր ունակություններն ի սպաս չդրեց սեփական երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելուն՝ թեկուզ վարչապետի պաշտոնում: Չէ՞ որ շատերն են հիշում, որ ՀՀ ԳԽ-ն 1990թ. անսահմանափակ լիազորություններով էր օժտել վարչապետ Մանուկյանին: Վարչապետն ինքն էր պահանջել այդ իրավասությունները և անհապաղ ստացել: Լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ հենց վարչապետն էր նախագահական կառավարման ջատագովը այն ժամանակվա քաղաքական «խոհանոցում»: Գիտենք նաև, որ Վ. Մանուկյանն իրենից բացի Հայաստանում այլ նախագահ չէր տեսնում: Հռետորական մեր հարցերին լավագույնս է պատասխանել հենց ինքը: «… Լևոն Տեր-Պետրոսյանը, ընտրվելու դեպքում օրինական ձևով շրջանցելով ինձ, տնօրինում էր մինչ այդ վարչապետի ձեռքում գտնվող կառավարման լծակները: Այդ ծրագրի իրականացման դեպքում շարունակել վարչապետ աշխատելը, նույնիսկ եթե ինձ թողնեին այդ պաշտոնում, ես համարեցի անիմաստ: Եվ չէի գտնում, որ իշխանության լծակները անցնում են արժանի մարդկանց խմբին, որոնք կկարողանային և կցանկանային այն ճիշտ օգտագործել: Մնում էր կամ նախագահ դառնալ, կամ հրաժարական տալ»: («Այժմ» շաբաթաթերթ, 24-30 հուլիս, 1996թ.): 

Եվ հրաժարական տվեց, և հեռացավ ՀՀՇ-ից, որի ստեղծողն ու ուսուցիչն էր համարում ինքն իրեն՝ մշտապես գերագնահատելով սեփական անձը և թերագնահատելով մյուսներին: Ու սկսվեց… Սկսվեց նեղացածների շքերթը: Հեղափոխությունն, անշուշտ, պիտի ավարտված համարեինք 1991-ին և աշխատեինք յուրաքանչյուրս մեր չափով օժանդակել մեր կողմից ընտրված իշխանություններին, պիտի ձգտեինք մեր երկրի տերը դառնալ, հոգեբանորեն ազատվել գաղութի բնակչի բարդույթից, գավառական ինքնագոհությունից, պետություն-շնից մազ պոկողի խրոնիկական ախտից, մեր մանրությունից ու խեղճությունից, մեզնից լավին բարոյականության դասեր տալու մարմաջից: Պիտի չխռովեինք մեր փոքրիկ ու բզկտված երկրից, ինքներս մեզնից, ու Վազգեն Մանուկյանը չէր դառնա մեր հավաքական կերպարը, իսկ դաշնակները արյուն չէին պղտորի հարյուրամյա տեսլականով, հեղափոխական հարայ-հրոցով: Ու հեղափոխությունը շարունակվեց ուրույն տրամաբանությամբ: 

Պատերազմի, շրջափակման, պետության կայացման առաջին դժվարագույն տարիները ԱԺՄ-ականների, դաշնակների և նրանց նմանների թեթև ձեռքով կնքվեցին միայն ցրտի ու մթի տարիներ, նրանց ատելությունը, անձնական նկրտումները դարձան ամբոխին հոգեհարազատ, ու մեզնից օտարեցինք անգամ հաղթանակի բերկրանքը: Հաղթանակ, որի նմանը չէինք ունեցել բազում դարեր: Բնականաբար, բոլոր դժբախտությունների ու դժվարությունների «պատճառը» դարձավ ժամանակի իշխանությունը: Բայց ոչ ամբողջական. իշխանավորներից մի քանիսն էին դարձել սուր քննադատության ու հայհոյանքների թիրախ: Իսկ առյուծի բաժինն, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանինն էր՝ Վազգեն Մանուկյանի «անձնական» հակառակորդինը: Ցնցումներով, վերուվարումներով, զրպարտություններով, հրաժարականի պերմանենտ կոչերով հայկական ընդդիմությունը հասավ 1996-ի նախագահական ընտրություններին և միավորվեց՝ ոչ թե հանուն երկրի, այլ ընդդեմ՝ Լևոնի, Վանոյի ու Վազգեն Սարգսյանի

Ընտրվում էին հեղափոխական ոգով 

Ուրեմն 1996-ն էր: «Ժողովրդի արյունը ծծողներին» պատժելու կոչերով թեժ հանրահավաքներ էին: Պետականության 5 տարիները միայն «սև» էին, ու հրապարակներում հավաքվածները ձգտում էին փոփոխությունների՝ չզգալով, որ իրենց օգտագործում են, որ իրենք միայն գործիք են անձնական թշնամանքը պարպելու համար: Չէին զգում, չէին հասկանում վերահաս վտանգը նաև իշխանական ճամբարի ներկայացուցիչները, նրանց ընտրազանգվածը: Ընդ որում, ընդդիմությունն ընտրարշավի սկզբում բոլորովին էլ ինքնավստահ ու համոզված չէր, նրա գործողությունները հաճախ ավանտյուրա էին հիշեցնում: Բայց հետզհետե «թափ առան», քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատանքը ապաշնորհ, անարդյունավետ էր: Եթե ՀՀ նախագահի քարոզարշավը վարողները քիչ ավելի շրջահայաց լինեին, 100 տոկոսով կիրականանար դաշնակցական գաղափարախոս Էդ. Հովհաննիսյանի կանխատեսումը. «Այլ խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ կշահի ընտրությունը» («Իրավունք» 23-29 մարտ, 1996թ.): 

Իսկ կարկառուն դաշնակներն այդ ժամանակ բանտում էին՝ «Դրոյի» գործով: Բանտից էլ իրենց «զորակցությունն» էին հայտնում դրսի հեղափոխականներին: Եվ երկար-բարակ ճառեր էին ասում դատարանի դահլիճից: Իսկ երկար խոսելը լավ բան չի, կարող ես ինքդ քեզ մատնել: Սակայն սրա մասին քիչ ավելի ուշ: 

Ուրեմն ընդդիմության քարոզչությունը գործի էր դրել բոլոր միջոցները: Քննադատությունն անխնա էր, խոստումները՝ շռայլ, անսահման: Ի՞նչ պիտի աներ Վազգեն Մանուկյանն ընտրվելու դեպքում: Առանձնապես ոչինչ: Ուղղակի Հայաստանը 5 տարում դարձնելու էր երկիր-դրախտավայր: Ահա նրա նախընտրական խոստումներից մի քանիսը. 

– Հայաստանում կվերանա չքավորությունը, 
– կստեղծվեն բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր, 
– առնվազն 10 անգամ կաճի բյուջետային աշխատողների աշխատավարձը, 
– աշխատավարձերը, թոշակները, նպաստները միշտ կվճարվեն ժամանակին, 
– բոլոր քաղաքացիների համար կապահովվի անվճար, որակյալ բուժսպասարկում և կրթություն (խրախուսելով նաև վճարովի մասնավոր ծառայությունների զարգացումը), 
– աստիճանաբար կվերադարձվեն խաբված ավանդատուների ավանդները… 

Պետք չէ խորը տնտեսագիտական իմացություն ունենալ այս ամենի անհնարինությունը հասկանալու համար: Ուղղակի խոստանում էին, որովհետև հենց այդ էր պահանջում հրապարակներում հավաքվող ժողովուրդը: Ժողովուրդ, որն աստիճանաբար վերածվում էր կառավարվող հեղափոխական ամբոխի: Հիշեցնենք՝ որևէ մեկին չէր հետաքրքրում ո՛չ Հայաստանում տիրող իրավիճակի ճշմարիտ գնահատականը, ո՛չ այս երկրում վերջապես քաղաքացիական հասարակարգի ստեղծումը, ո՛չ մարդ արարածի ինքնուրույն ապրելու, մտածելու, գործելու պարտականությունն ու իրավունքը: Ատելությունն էր մթագնել ուղեղները, ատելությունն էր առաջնորդը, և ամբոխանում էին: Սա՛ էր ձեռնտու ամբոխավար ընդդիմությանը: Եվ եղավ այն, ինչ պիտի լիներ, ինչ նախապատրաստում էին… 

Նախադեպ էր 

Սեպտեմբերի 25-ն էր: Բարոյականության, պարկեշտության դասեր տվող Վ. Մանուկյանի աջակիցները ձեռնարկեցին առաջին գրոհը ԱԺ-ի վրա: Ու առաջին անգամ բռնություն կիրառեցին հենց այդտեղ, բռնություն, որի հետևանքով միայն պատահաբար չզոհվեցին այն ժամանակվա ԱԺ խոսնակն ու փոխխոսնակը: Նախադեպ էր: Նախադեպ էր՝ պարտությունը չընդունելու, պարտությունից հետո հաշիվ մաքրելու, բռնություն գործադրողներին հետո հերոսացնելու: Ճանապարհը բացել էին, գլխավոր փորձն իրագործել: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version