Շահեն Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․
Կրկին ոստիկանությունում։
Քիչ առաջ կրկին հրավիրվել էի ոստիկանություն։
Արդեն երկրորդ անգամ նույնաբովանդակ գրառման համար նյութեր են նախապատրաստում՝ քրեական գործ հարուցելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը վատ է զգում, որ քաղաքական գնահատականներ եմ տվել իրեն և իր վարած քաղաքականությանը՝ համարելով ազգակործան պատուհաս։
Առաջին գործի շրջանակում քրեական գործն արդեն հարուցվել է։ Այսօր տեղեկացա երկրորդ քրեական գործի նախապատրաստման մասին։
Ի դեպ, առաջին գրառմամբ ներկայացրել էի իմ քաղաքական (կուսակցական) դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանի որոշման վերաբերյալ, որով վերջինս ՀԱՊԿ շրջանակներում հայկական զորքեր էր ուղարկելու Ղազախստան։ Իսկ երկրորդ գրառումս կապված էր վերոնշյալ քաղաքական դիրքորոշման համար ինձ ոստիկանություն հրավիրվելու և քաղաքական մոտիվներով քրեական հետապնդման ենթարկվելու հետ։
Ինչպես նախորդ դեպքում, այդպես էլ հիմա, ոստիկանությունում հրաժարվել եմ տալ որևէ բացատրություն՝ օգտվելով իմ սահմանադրական իրավունքից։ Իսկ հանրային-քաղաքական ասպարեզում հերթական անգամ վերահաստատում եմ իմ դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյանի և նրա վարած քաղաքականության նկատմամբ։ Այս ամենը հաստատակամորեն կներկայացնեմ նաև դատարանում։
Հետաքրքիր է, թե որքա՞ն քրեական գործեր պետք է հարուցվեն իմ դեմ Հայաստանի նախկին, ներկա ու ապագա իշխանությունների կողմից, որ իրենց համար պարզ դառնա, որ հնարավոր չէ լռեցնել ինձ ու կասեցնել իմ քաղաքական պայքարը։
Հ.Գ. Շատ ժամանակ ինչ-որ բան անելիս մարդիկ մյուսներին խորհուրդ են տալիս՝ ասելով, որ «հանգիտ արա, փորձը փորձանք չի բերի», բայց իմ դեպքում արդեն 8 տարի շարունակվող քրեական հետապնդումները, հաստատ, մի օր փորձանք է դառնալու այդ ամենը կազմակերպողների համար։