Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ս. թ. փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։

Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ Համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը:

Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց Խորհրդի անդամներին այդ բարձր կարգավիճակը իրեն վստահելու համար և խոստացավ անել առավելագույնը՝ Համալսարանի զարգացման ու որդեգրած տեսլականի իրականացման համար։

Անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ Խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի Կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը, հավաստիացրեց՝ ինքն առաջին երաշխավորն է լինելու, որպեսզի Համալսարանի գործունեությունը լինի ապաքաղաքական։

Համբարձում Մաթևոսյանը, կրկին շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին վստահության համար, բոլորին մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք։

Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից հետո գումարվեց երկրորդ նիստը, որի ընթացքում ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրեց ԲՊՀ-ի 2021 թվականի գործունեության և ֆինանսական հաշվետվությունները, այնուհետև հաստատվեց 2022 թվականի գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստիքացուցակը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version