Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը արտահերթ ընտրություններ չի պահանջում
Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե նույնիսկ որևէ Հայաստանի քաղաքացի չպահանջեր էլ արտահերթ ընտրություններ, խիղճ ու բարոյականության նշույլ ունեցող պետության ցանկացած ղեկավար ինքը պիտի օր առաջ ցանկանար այդ ընտրությունները: Ավելին, խիղճ ու բարոյականության նշույլ ունեցող ցանկացած ղեկավար պիտի մոռանար հետագայում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնելու մասին:Եթե Փաշինյանը սեփական պատասխանատվությունը «Իմ քայլով» քողարկելով փորձում է խայտառակ ցինիզմով ակնարկել, թե իրենք չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների գնալ, ապա, մեծ հաշվով, նրանց «մեսիջը» հետևյալն է. «Ինչ եղել է` ճիշտ է եղել: Այդպես էլ պետք է լիներ»: Այո, եթե իրենք չեն գնալու արտահերթ ընտրությունների, իրենց ասելիքը հենց դա է լինելու. «Մենք բացարձակապես մեղք չունենք, ոչ մի բանի համար պատասխանատու չենք»:Ինչ վերաբերում է «Իմ քայլի» անունից տարածված Փաշինյանի հայտարարության բովանդակությանը, ապա այն ամբողջությամբ կեղծիք է, կատարյալ անբարոյական ցինիզմ: Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը արտահերթ ընտրություններ չի պահանջում: Այն, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում են առհասարակ Փաշինյանի հեռացումը, դա բացարձակապես չի նշանակում, թե այդ ուժերը արտահերթ ընտրություններ չեն պահանջում: Իսկ եթե Փաշինյանն այդպես է ներկայացնում, ապա դա էժանագին մանիպուլյացիա է:Բացի այս: Մի ամիս առաջ Փաշինյանն ինքն էր արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկով հանդես եկել: Փաշինյանն ինքն էր արձանագրել, որ նման առաջարկով հանդես է գալիս ոչ թե «ընդդիմադիր գործըթացների» հետևանքով, այլ «ժողովրդի առաջ պատասխան տալու» հանձնառությունից ելնելով: Ավելին, Փաշինյանը նաև նշել էր, որ վարչապետի պաշտոնում իր հետագա պաշտոնավորելու հարցը կախված է ժողովրդի որոշումից, և որ «բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:Փորձել քաղաքական ուժերին արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ սեփական քայլերի հաջորդականությունը թելադրել, ապա, մերժում ստանալուց հետո, պնդել, թե քաղաքական ուժերն ու հասարակությունը դեմ են արտահերթ ընտրություններին: Դա նույնն է, եթե Փաշինյանը պայման դներ, որ արտահերթ ընտրություններ կլինեն, եթե դրանց արդյունքներով իրեն անպայման կրկին վարչապետ ընտրեն»: