Սոցցանցեր

Արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն են

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկվա հայտարարությունը, որը ես հակված եմ համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարություն, անուղղակի մերժում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, ճգնաժամի լուծումը տեսնելով նոյեմբերի 18-ին Փաշինյանի ներկայացրած, այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» շրջանակում: Այս եզրահանգմանը գալը հայտարարությունը արդարացնում է երկու կետով.

1. վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից,

2. հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

Այս երկու պահանջն էլ մանիպուլատիվ են: Նախ անդրադառնամ երկրորդ կետին: Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին հանդես եկավ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկով, որի հետ կապված հրավիրում էր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցությունների: Բայց այս հայտարարությունում կար մի շատ կարևոր շեշտադրում: Փաշինյանը, ասելով, որ ժողովրդի առաջ կանգնելու ու պատասխան տալու քաղաքական հանձառություն ունի, որ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա պաշտոնավարելու հարցը, մասնավորապես գրում էր. «Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»: Այս պնդման ու երեկվա հայտարարության արդարացման կետի մեջ շատ հստակ հակասություն կա: Առաջին դեպքում, այո, Փաշինյանը ճիշտ էր. արտահերթ ընտրությունները միակ տարբերակն էին հարցերը պարզելու: Երկրորդը ասում է, որ իրենք առանց արտահերթ ընտրության իմացել են ժողովրդի մոտեցումը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության արձագանքին, ապա պետք է հստակ ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը երբևէ չեն առաջնորդվել խորհրդարանական ընդդիմության կարծիքով: Ավելին, մշտապես ասելով, որ իրենք ստացել են ժողովրդի 70 տոկոսից ավելի վստահությունը, ու ԱԺ-ում մեծամասնություն ունեն, մշտապես առաջ են տարել իրենց քաղաքական ծրագրերը: Արդ ի՞նչ փոխվեց, որ Փաշինյանը, տեսնելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն (դեկտեմբերի 25-ի հայտարարությունը) հրաժարվում է դրանից, ինչ է թե առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից:

Ավելին, այստեղ կա երկրորդ մանիպուլացիան: Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական բոլոր ուժերի մոտ (չնչին բացառությամբ) հստակ ուրվագծվում է արտահերթ ընտրությունների պահանջը: Դրանք արտահայտվում են տարբեր կերպ. ԼՀԿ-ն համարում է, որ մինչ այդ իրենց թեկնածուն պետք է լինի վարչապետ, 17+-ը համարում են, որ իրենց թեկնածուն պետք է լինի, ՀԱԿ-ը կոչ է արել բոլոր կողմերին հարցին լուծում գտնել քաղաքակիրթ ճանապարհով և այլն: Մեկը համարում է, որ արտահերթը պետք է լինի անհապաղ, մյուսը, որ մեկ տարի անց՝ որոշ հարցեր լուծելուց հետո: Բայց էն, որ գրեթե բոլոր քաղաքական, հասարակական ուժերը, քաղաքական ակտիվ հատվածի մեծ մասը տեսնում են արատահերթի անհրաժեշտություն՝ աներկբա է: Մնացածը մի կողմից տեխնիկական, մյուս կողմից դիվանագիտության հարց է. գալ ընդհանուր հայտարարի, գտնել եթե ոչ բոլորին, ապա շատերին բավարարող արտահերթի մեխանիզմը, կամ էլ ՎԵՐՋԱՊԵՍ ՎԵՐՑՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, որպես իշխանություն, ու կազմակերպել արտահերթ ընտրությունները:

Այն, որ արտահերթ ընտրություններ լինելու պարագայում դրանց մասնակցելու են ակտիվ քաղաքական ուժերի մեծ մասը ենթադրությունների ոլորտից չի. պետք է պարզապես ուշադիր նայել քաղաքական ուժերի վարքագծին ու տեսնել, որ կա էդ մտադրությունը: Այլ հարց, որ ուժերից որևէ մեկը չի ուզում բացահայտորեն դառնալ մյուսի օրակարգի մասը: Այ այստեղ արդեն պետք կլիներ իշխանության ուժեղ ձեռքը, որը որոշում կկայացներ ու կգնար էդ արտահերթին՝ իր թելադրած պայմաններով:

Այն, որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն են՝ ճգնաժամից դուրս գալու համար, այս ընթացքում բազիցս է խոսվել: Իսկ ճգնաժամը վերացական չի ու ամենուր է: Դատական համակարգում է: Ուժային կառույցներում է: Իրավապահ համակարգում է: Հասարակության երկբևեռվածությունում է: Արտաքին հարաբերություններում է: Պարտված ու իր լեգիտիմությունը չվերահաստատած իշխանության աշխարհին ներկայանալու բարդույթներում է: Եվ այլն: Այն, որ արտահերթ ընտրությունները կարող են խթան լինել քաղաքական դաշտի վերակիրարկման, նույնպես անհավանական չի: Ընտրություններն ու դրանց քարոզչական շրջանը լավագույն հնարավորություններից են քաղաքական ուժերին իրենց խոսքը ձևակերպելու, հանրությանը հասցնելու, օրակարգ ձևավորելու համար: Իսկ որ ներկայումս դրա կարիքը կա՝ աներկբա է:

Այսպիսով, երեկվա մանիպուլատիվ հայտարարությամբ, Փաշինյանը, «Իմ քայլը» խմբակցության անունից, ընդամենը խորացրեց Հայաստանում քաղաքական ճգնաժամը: Որից լուծում գտնելը արդեն երևի թե բացառապես ոչ իշխանական ուժերի գործն է, քանի որ իշխանական ուժերը իրավիճակին չեն տիրապետում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version