Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանի ծրագիրը ձախողել է Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի կառավարությունը ոչ իշխանական ներկայացուցիչներով համալրելու եւ կոալիցիոն կառավարման մոդել կիրառելու մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ծրագիրը Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ ձախողել է:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Հարությունյանը խորհրդարանական ուժերի եւ գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված նիստ արեց ու հայտարարեց այս ծրագրի մասին, որը, ըստ էության, 2020-ի պատերազմից հետո էր խոստանում իրականացնել: Բայց այն ժամանակ Փաշինյանը տապալեց` թույլ չտալով, որ ընդդիմադիրները ներգրավվեն Արցախի կառավարմանը:

Թեման կրկին բարձրացավ անցած տարեվերջին` Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ Արցախի կարգավիճակի թեման ՀՀ վարչապետը համարում է փակված: Եվ Արայիկ Հարությունյանը կրկին խոստացավ իրականացնել 21-ի հունվարին մշակված սխեման` նախկին պաշտոնյաներին եւ ընդդիմադիրներին ներգրավելով կառավարման գործին:

Չնայած, նախնական քննարկման համաձայն, անցած շաբաթներին կառավարության մի շարք առանցքային պաշտոնյաներ արդեն պետք է հրաժարական տային, այդ թվում՝ պետնախարար Արտակ Բեգլարյանը եւ այլք, սակայն առայսօր ընդամենը մեկ՝ ԿԳՄՍ նախարարն է փոխվել, որին Հարությունյանն իր խորհրդական է նշանակել:

Երեկ նրա հրամանագրով էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություններն են տարանջատվել՝ տպավորություն ստեղծելով, թե հերթական կադրային փոփոխությունն է անում, եւ ծրագիրն ուժի մեջ է»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version