2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ կմտնեն փակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերը: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը «Փաստինֆո»-ին փոխանցեց, որ օրենքը տարածվելու է նույնիսկ բացօթյա տարածքների վրա: Նա վստահ է, որ այս օրենքը ոչ թե ծխախոտի դեմ է, այլ՝ ծխողների և տնտեսվարողների:
«Սա ծխի դեմ պայքար չէ, սա ծխախոտի դեմ պայքար չէ, սա բացահայտ պայքար է ծխողների դեմ, որի իրականացման իրավունքն Առողջապահության նախարարությունը չունի և այն պարզաբանումներից, որ իրենք տալիս են, պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տեղ ծխել չի կարելի, բացի մարդկանց բնակարաններից, ամայի տարածքներից»,- ասաց Բարսեղյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ ծխելն ու այն ծուխը, որի դեմ այդքան պայքարում են, տեղափոխվելու է բնակարաններ, որոնք շուտով կդառնան հավաքատեղիներ:
«Ռեստորաններում նախատեսված չեն ծխողների և չծխողների սրահներ, նույնիսկ բացօթյա տարածքներն են արգելքի տակ, այս մարդիկ օգտվելով իրենց քաղաքական իշխող ուժ լինելու պարագայից, անցկացրել են այս անհեթեթ օրենքը, որն ուժի մեջ կմտնի մարտի 15-ից: Այստեղ առողջապահության մասին աղերս չկա: Վահան Քերոբյանը տնտեսական և տնտեսվարողների շահերի պաշտպանության կողքին կանգնելու փոխարեն, էժանացնում է այս թեման՝ հայտարարելով, որ նա թողել է ծխելը, բայց սա նրա ծխելու կամ չծխելու թեման չէ»,-հայտարարում է Աշոտ Բարսեղյանը:
Ամենավտանգավորն այն է, ասաց ՀԿ ղեկավարը, որ նույնիսկ Էկոնոմիկայի նախարարին ուղիղ հարց են տալիս, թե տնտեսվարողներն ունեն անհանգստություններ այս օրենքի հետ կապված, ինչին ի պատասխան՝ նա ասում է, որ ծխելը վատ է, ես էլ եմ թողել ծխելը:
«Ոչ ոք չի ասում, որ ծխելը լավ է, իրենք օրակարգը շեղում են դատարկաբանությամբ: Նախարարն ասում է թող մարդիկ սուրճը վերցնեն ու փողոցով քայլեն, իսկ սիգար ակումբների հաճախորդներն ի՞նչ անեն, մեկ ժամ ծխվող սիգարը սուրճի հետ փողոցով քայլելով ծխե՞ն, թե դո՞ւք ուզում եք, որ տները վերածվեն նարգիլե ակումբների»,-հարց է բարձրացնում Բարսեղյանը:
«Ռեստորանների ասոցացիա» ՀԿ ղեկավարն ասաց, որ ռեստորանային ոլորտը 14- 15 հարց ունի այս ամենի հետ կապված, որոնք պատասխաններ չունեն մինչ այսօր, փակվում է մի ամբողջ ոլորտ՝ նարգիլե ակումբները, սիգար ակումբները: Հարց է բարձրացնում, թե ո՞վ է ասել, որ այս ակումբները հենց այնպես պետք է փակվեն, այս մարդիկ 2 տարի առաջ գումար են ներդրել, որ մեկ տարի հետո փակվե՞ն:
«Մենք քննարկման էտապում ենք և փաստաթղթերի հավաքագրման փուլն է: Սպառողների շահերի պաշտպանության, գործատուների շահերի պաշտպանության գծով, ռեստորաններում ադմինիստրատիվ գործունեություն իրականացնող ընկերները, Մարդու Իրավունքների Պաշտպանը, իրավաբանները, սիգար, նարգիլե ակումբները, խանութները, սիգարետի դիստրիբյուտրները և սիգարետ արտադրողները, այս բոլորով, մեկ թիմով աշխատում ենք, հարցերով փետրվարի վերջին գնալու ենք ԱԺ»,- ասաց Բարսեղյանը:
Նրա փոխանցմամբ՝ չի պատրաստվում համակերպվել այս որոշման հետ, ոլորտն էլ չի պատրաստվում, անհնարին է ապահովել այս օրենքի կատարումը՝ պատասխանատվությունը թողելով տնտեսվարողի վրա:
«Ինչպե՞ս կարող ենք կանխել ծխախոտի փոխարինիչի գոլորշու արտադրանքը և դրա պատճառով տուգանվենք 250 հազար դրամ: Թող 250 հազար ոստիկան կանգնեցնեն ռեստորանների մոտ , որպեսզի նրանք հարսանիքներին, քելեխներին, թաղումներին և այլ միջոցառումներին տարբեր էմոցիոնալ վիճակում գտնվող հաճախորդների հետ բոլոր կոնֆլիկտները փորձեն լուծել: Փորձում են մեզ հրահրել կոնֆլիկտային իրավիճակների ծխելու պատճառով»,-նկատեց ՀԿ ղեկավարը: