Քաղաքականություն

«Մնում է գլխավոր հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու նման գործընթացը, ո՞ւմ անձնական շահն է և, ի վերջո, տեղյա՞կ է արդյոք Արայիկ Հարությունյանը, թե՞․․․» 

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2022 թ. Փետրվարի 7-ին ԱՀ ԱԺ նախագահին էին դիմել Մարտունու շրջանի Խերխան գյուղի համայնքի ղեկավարը, հիմնական դպրոցի տնօրենը, բնակիչները (դիմումը՝ նկարում): Ս/թ փետրվարի 10-ին հանրագիրը հասցեագրվել է ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, որի անդամն եմ նաև ես:

Նույն օրը հեռախոսազրույց ունեցա Խերխանի համայնքի ղեկավար պարոն Կարապետյանի հետ՝ մանրամասները ճշտելու և խնդրի պատճառները վերհանելու համար նաև առաջարկեցի հաջորդ օրը մասնակցել ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարների և մեր հանձնաժողովի հանդիպմանը: Արդյունքում հերթական ցավալի իրողությունն արձանագրվեց. ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում որոշում է կայացվել լուծարել Խերխանի և Ծովատեղիի դպրոցները, աշակերտների տեղափոխել 5 կմ հարևանությամբ գտնվող Հերհեր գյուղի դպրոց (ընդ որում որոշումը կայացվել է առանց ԿԳՄՍ նախարարության հետ քննարկելու): Ստեփանակերտից՝ Խերխանի և Ծովատեղիի ճակատագիրը որոշողները, հայտարարել են, որ Հերհերում երկարօրյա դպրոց են բացելու և տրանսպորտային միջոց են տրամադրելու: Առաջին հայացքից՝ հոգատար ղեկավարություն, սակայն նպատակը Ծովատեղիի դպրոցի նորակառույց շենքը արտադրամասի վերածելն է: Իսկ վտանգները տեսնում են միայն Խերխանի բնակիչները.

1) նույնիսկ, եթե լավագույն տրանսպորտային միջոցը հատկացնեն,ով գիտի Խերխանի աշխարհագրական դիրքը, կպատկերացնի, թե ամեն օր ինչ վտանգներ պիտի հաղթահարեն երեխաները Հերհերի դպրոց հաճախելու համար:

2) Երկու գյուղերի երեխաները, լավագույն դեպքում, առավոտյան ժամը 8-ին պիտի տնից դուրս գան, վերադառնան երեկոյան ժամը 18-ին:

3) Խերխանը փոքր գյուղ է, սակայն հիմնականում բնակեցված է երիտասարդներով, կա մինչև 5 տարեկան 17 երեխա, որից 5-ը եկող ուսումնական տարում կհաճախեն 1-ին դասարան:

4) Գյուղում 18 չբնակեցված տուն կա, որոնք կարելի է վերանորոգել և տրամադրել բռնի տեղահանված ընտանիքների:

Փոխարենը մեր «մտահոգ» կառավարիչները նման քայլերի գնալով, մեծացնում են պետության ֆինանսական բեռը, նպաստում են 2 գյուղերի ոչնչացմանը:

Մնում է գլխավոր հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու նման գործընթացը, ո՞ւմ անձնական շահն է և, ի վերջո, տեղյա՞կ է արդյոք Արայիկ Հարությունյանը, թե՞ հենց իր հրահանգով է համայնքների ընդհատակյա խոշորացում կատարվում»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version