Քաղաքականություն

Պատգամավորի հետ հանդիպումն ավարտվել է սկանդալով. ուսանողները լքել են սենյակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 30 ուսանողի եւ մի քանի պատգամավորների հետ հանդիպումներ։ Հանդիպումներին մասնակից ուսանողներից մեկը մեզ մանրամասներ է ներկայացրել հանդիպումներից: Երբ նրանք զայրացած դուրս եկան նիստերի սրահից, պատմեցին, որ բոյկոտեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ հանդիպումը: Ասել է թե՝ Արման Եղոյանի հետ ուսանողների հանդիպումն ավարտվել է սկանդալով, ուսանողները սենյակում մենակ են թողել Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահին եւ դուրս եկել։

Ի՞նչն էր պատճառը. հանդիպման մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ երբ ուսանողները խոսել են դիվանագիտության մասին եւ, որպես բացասական օրինակ, մատնանշել ոչ դիվանագետ Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու փաստը` ասելով, թե, փաստորեն, ոչ թե կրթությունն է կարեւոր, այլ ծանոթ ունենալը, ի պատասխան Եղոյանն արձագանքել է, թե ավելի լավ է նրանք հողափորություն սովորեին, քան միջազգային հարաբերություններ։ Նա բացատրել է Մակունցի նշանակումը այն հանգամանքով, որ վերջինս կգա եւ վարչապետին կզեկուցի այն ամենը, ինչ կատարվում է, իսկ դիվանագետները ամեն ինչ չէ, որ զեկուցում են վարչապետին։ Եվ այս հանգամանքն էլ զայրացրել է ուսանողներին, նրանք բղավել են ու զայրացել իրենց հողափոր դառնալու ճանապարհ ցույց տալու համար եւ դուրս եկել նիստերի դահլիճից։

Ինչու՞ է պատգամավորը վիրավորել ուսանողներին. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ Արման Եղոյանն ասաց. «Ասել եմ, որ կան դեպքեր, երբ որոշակի քանակով պետք է լինեն դեսպանների քաղաքական նշանակումներ՝ կապված երկրների հետ հարաբերություններից։ Ու դա եղել է բոլոր ղեկավարների օրոք, իսկ մեր իշխանության ժամանակ քաղաքական նշանակումները ամենաքիչն են»: Եղոյանի խոսքով՝ միգուցե ուսանողների մոտ տպավորություն է եղել, թե թերագնահատում է իրենց մասնագիտությունը, սակայն, հակառակը, բարձր է գնահատում։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version